խորհուրդ տայի, որ ճաշից հետո անմիջապես պառկեին քնելու։ Բայց ես... է՛հ, թուլություն է, էլի՛։
— Մարդ նախ և առաջ խիստ պետք է լինի դեպի ինքը,— ասաց Զազունյանը։
— Ճիշտ է, եթե միայն այդ մարդը կամք ունի, բայց ինձ պես թույլ կամքի տեր մարդիկ... Դու խո գիտես, որ երբ ես մի բան սովորություն արեցի, այնուհետև թեկուզ գլուխս ճղիր, այլևս դրանից ձեռք վերցնողը չեմ։ Այսպես էլ ճաշից հետո անմիջապես քնելը․ փորս կշտացավ թե չէ, մեկ էլ տեսնես աչքերս փակվում են, դե արի ու մի քնիր... Բայց այս երևույթն ի՞նչպես կբացատրեք, պարոն և տիկին,— հանկարծ նոր գյուտ արած մարդու նման բացականչեց նա,— որ ճաշից հետո անմիջապես քնելով, երբ զարթնում եմ, ինձ կատարելապես լավ եմ զգում, ինչպես հիմա, իսկ եթե անմիջապես չքնեմ կամ բոլորովին չքնեմ, ինձ շատ վատ կզգամ, ինչպես այդ մի երկու անգամ փորձել եմ։ Հը, ինչպե՞ս կբացատրեք այս երևույթը։
— Որովհետև այդ սովորություն եք արել, պարոն,— ասաց էմման։
— Ա՜, ուրեմն տեսնո՞ւմ եք, որ սովորությունից դուրս գալն էլ առողջապահական կանոններին դեմ է։ Ուրեմն դուք իրավունք չունեք ինձ նախատելու, իսկ ես պարտավոր չեմ ամաչելու։ Բայց ես դեռ գնամ լվացվեմ, հագնվեմ, հետո կտեսնենք, թե ինչպես առողջ և զվարթ կերևամ։
Եվ նա համարյա դուրս վազեց։
Զազունյանը ժպտաց նրա ետևից և նայեց էմմային։
— Նույնն է, ինչ որ առաջ,— ասաց նա․— բոլորովին չի փոխվել։— Չէ՞ որ մի ժամանակ մենք ամենամոտ բարեկամներ էինք, տիկին,— ավելացրեց նա։
— Այո՛, այդ մասին նա այսօր պատմում էր ինձ,— պատասխանեց էմման։
— Նույն անհոգը, նույն մշտական ուրախը,— շարունակեց Զազունյանը։— Բայց պաշտոնի մեջ ի՞նչպես է, ծույլ խո չէ՞։
Էմման ծիծաղեց։
— Դուք այդ հարցնում եք, որովհետև նա թուլություն ունի ճաշից հետո քնելո՞ւ․— ասաց նա։— Ոչ, պաշտոնի մեջ,