Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է ճշմարիտն ասած, շատ արի է։ Մոտ օրերումս հիվանդանոցի տեսուչը հայտնել է իր շնորհակալությունը։

— Ո՞ր հիվանդանոցումն է ծառայում։

— Քաղաքային։

Նրանք դարձյալ Զաքարի մասին էին խոսում, երբ նա ինքը ներս մտավ հագնված, լվացված և սանրված։ Նրա սև մազերը թացությունից փայլում էին։

— Իմ մասի՞ն էիք խոսում,— հարցրեց նա։— Գիտեմ՝ անպատճառ ինձ գովելիս կլինեիք։ Չէ՞։

— Ընդհակառակն՝ ես քեզ վատաբանում էի,— ասաց էմման ժպտալով։

— Ինչո՞ւ։ Որովհետև ես քեզ ամեն օր ծեծո՞ւմ եմ։ Չէ, ճշմարիտը պետք է խոստովանած, Արսեն, որ ես շատ լավ մարդ եմ,— լրջությամբ ասաց Զաքարը,— անվնաս մարդ եմ․ ես այդ ուղղակի ասում եմ, թե չէ՝ դու խո ճանաչում ես ինձ։ Իբրև ամուսին և հայր, ես չեմ կարծում, թե իսկապես այն չլինեմ, ինչ ամուսնուն և հորն է պետք։ Չէ՞, էմմա, ինքդ խոստովանիր։

Էմման նայեց նրա աչքերին և ծիծաղեց միայն։

— Դու այսօր միշտ ծիծաղում ես,— նկատեց Զաքարը։

— Իսկ դու ամեն օր ես ծիծաղում։

— Տիկինը քեզ, իբրև բժշկի, նույնպես գովում էր,— ասաց Զազունյանը։

— Եվ վատ չէր անում։ Իբրև բժիշկ, ես նույնպես արժանի եմ գովասանքի․ ես այդ էլ ուղղակի կասեմ։ Հավատացնում եմ քեզ, Արսեն, որ եթե բոլոր բժիշկներն ինձ պես մարդիկ լինեին, աշխարհիս երեսին այսքան հիվանդ չէր լինի։ Ոչ թե հասկացողության կողմից եմ ասում ես, ոչ, այլ վարվեցողության կողմից, որովհետև բժիշկը բժիշկ լինելուց առաջ պետք է մարդ լինի, պետք է խիղճ ունենա, պետք է զգացմունք ունենա, պետք է գիտենա վարվել հիվանդի հետ, ուշադիր պետք է լինի դեպի հիվանդը։ Այդ կողմից, առանց պարծենալու եմ ասում, Արսեն, ես ճշմարիտ և հավատարիմ կերպով ծառայում եմ պաշտոնիս։ Գուցե հասկանալով ես այնքան էլ չեմ հասկանում, ինչքան պետք է փորձված ու հմուտ բժշկին, բայց որ բոլոր հիվանդներիս սիրում և կարեկցում եմ— այդ ճշմարիտ է։ Շատ անգամ, հավատացիր