Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո..․ Ոչ։ Թող խաղա, միայն ասա, որ շատ չվազվզի, չքրտնի։

Աղախինը դուրս է գնում։

Այնուհետև էմման սկսում էր մտածել ուրիշ բաների մասին, աշխատելով վանել իր մտքից Զազունյանի պատկերը։

Դրսից կառքի ձայն էր լսում, նա վեր էր կենում, լուսանմուտից նայում էր դուրս և, տեսնելով, որ միայն Զաքարն է, նորից նստում էր իր տեղը։

Մտնում էր Զաքարը՝ մշտական ժպիտը դեմքին։ Նստում էր կնոջ մոտ և սկսում պատմել, ինչ որ գիտեր կամ լսել էր այդ օրը։ Պատմում էր իրեն հատուկ աշխուժությամբ և կատակներով։ Կինն առանց գլուխը բարձրացնելու ձեռագործի վրայից, լսում էր նրան և, երբ հարկավոր էր ծիծաղել, ծիծաղում էր։ Զաքարը պատմում էր, պատմում և, երբ հոգնում էր շատախոսությունից կամ խոսելու նյութը սպառվում էր, վեր էր կենում և գնում առանձնասենյակը։

— Զաքար,— չորրորդ օրը կանչեց էմման ամուսնու ետևից, երբ նա շատախոսությունից հետո դուրս էր գնում։

— Ի՞նչ է, սիրելիս։

Էմման թողեց ձեռագործը և նայեց նրան։

— Քո բարեկամն, ինչպես երևում է, մեզ մոռացավ,— ասաց նա ժպտալով։

— Զազունյա՞նը։

— Այո։

— Է՜, մի վախիր, նա մեզ այսպես շուտ չի մոռանա։ Երևի գործ ունի, որ այս քանի օրը չի այցելում։ Սակայն այս երեկո ես մտադիր եմ գնալ նրա մոտ հյուրանոց։ «Գրանդ Օտելումն» է իջած։ Ուզո՞ւմ ես միասին գնանք։

— Այդ ի՞նչ է անդրավարտիքդ,— նկատեց էմման.— համարյա կոշիկներիդ տակն է ընկել, չե՞ս կարող փոքր-ինչ վեր քաշել։

Զաքարը նայեց ոտներին և քթերի վրա բարձրանալով, սկսեց վեր քաշել անդրավարտիքը։

— Վեր քաշելը չի օգնում, սիրելիս, օրը հազար անգամ վեր եմ քաշում, դարձյալ ոտներիս տակն է ընկնում։ Չգիտեմ սա՞ է երկար, թե ես եմ կարճ,— ավելացրեց նա։