Էինք դուրս եկել, այդ պատճառով էլ չուզեցի մի քանի րոպեի համար իզուր բարձրանալ։
— Ի՛նչ, զբոսանքի համար միշտ ժամանակ կարող եք գտնել։
— Եվ, բացի դրանից, վախենում էի ձեզ անհարմար դրության մեջ դնեինք։
— Ախ, դուք դարձյալ ինձ ամաչեցնում եք, տիկին,— կանչեց Զազունյանը։— Ձեր այցելությունն ինձ համար միշտ փափագելի և սիրելի է։ Խնդրեմ համեցեք։
Այդ խոսքերի հետ նա բաց արեց իր սենյակի դուռը և ետ կանգնեց՝ էմմային ներս թողնելու համար։ Էմման մտավ։ Նրա ետևից՝ ինքը։
— Տեսնո՞ւմ ես, էմմա,— ասաց Զաքարը,— դու ինձ հակառակում էիր, բայց Զազունյանը կարողացավ քեզ բերել այստեղ։
— Եվ ես դրա համար շատ շնորհակալ եմ տիկնոջից,— ասաց Զազունյանը և մի բազկաթոռ առաջ քաշելով՝ առաջարկեց էմմային։— Եվ չնայելով, որ դուք ուզում եք գնալ զբոսանքի,— շարունակեց նա,— բայց և այնպես այս երեկո ձեզ այդ չի հաջողվի։
— Ի՞նչպես,— հարցրեց Զաքարը։
— Որովհետև դուք իմ հյուրս եք լինելու։
— Ի՜նչ։
— Այո՛, այո՛,— ժպտալով պնդեց Զազունյանը և մոտենալով էլեկտրական հնչակի զսպանակին՝ մատով սեղմեց։ Դրսից լսելի եղավ հնչակի անընդհատ, դողդոջուն ձայնը, և նույն րոպեին ներս մտավ իմերել սպասավորը։ Զազունյանը հանեց գրպանից երկու հատ քսան կոպեկանոց և, տալով ծառային, ասաց, որ կառքը ճանապարհ ձգի։
— Վա՛հ, ի՞նչ ես անում,— այնպես գոռաց Զաքարը, որ խեղճ իմերել սպասավորի աչքերը չռած մնացին։ Նա վեր թռավ տեղից, վազեց ծառայի մոտ և խլեց նրա ձեռքից փողերը։— Այդ քաղաքավարությունը ո՞րտեղից ես սովորել, բարեկամ,— ասաց նա լրջությամբ նայելով Զազունյանի աչքերին և փողերը վերադարձնելով նրան։— Վախենում ես, որ իմ գրպանում քառասուն կոպեկ չգտնվի՞։— էմմա, մենք մնում ենք, չէ՞, դարձավ նա կնոջը։— Այո,— մնում ենք,— նրա