Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր, որ, տաքացած ժամանակ անգամ, ուրիշ կերպ չէր կարող խոսել, եթե ոչ նույն եղանակով։ Խոսելու ժամանակ նա մերթ նայում էր Զաքարին, մերթ՝ Էմմային։

Չնայելով, որ էմմային նրա գործն այնքան էլ չէր հետաքրքրում, բայց և այնպես աշխատում էր ուշադիր լսել։ Նա շարունակ նայում էր Զազունյանի դեմքին, նայում էր հանդարտ, այնպես, ինչպես սովորաբար նայում են խոսողի դեմքին. բայց այդ ժամանակ նա ավելի մտածում էր այդ մարդու մասին, քան թե հետևում նրա խոսակցության թելին։ Եվ այդ պատճառով նա բոլոր ժամանակ համարյա լուռ էր։ Նրա գլխում արագությամբ զարթնում և անցնում էին այդ մարդու կյանքից զանազան անցքեր, որ մի քանի օր առաջ պատմել էր ամուսինը։ Այնուհետև զննողաբար նայում էր այդ մարդու դեմքի գծագրությանը, հագուստին, ուշադրությամբ լսում, թե ինչպես է հնչում նրա ձայնը, ինչպես է արտասանում բառերը, դարձյալ նայում էր, թե ինչպես է նստած աթոռի վրա, ոտներն ինչպես ունի դրած, արդյոք ետ չի՞ ընկնի աթոռի մեջքին կամ ձեռքերը չի՞ հեռացնի ծնկների վրայից։

Գիշերվա ժամը տասն էր, երբ երեքն էլ դուրս եկան հյուրանոցից։ Եղանակը բոլորովին ցրտել էր։ Երբեմն փչում էր մարտին հատուկ, թեև հանդարտ, բայց սառը, թափանցող քամի։ Գիշերային մուգ կապույտ երկինքը պարզ էր. աստղերը սովորականից խոշոր էին երևում. նրանք պսպղում էին այն պարզ, պայծառ լուսով, որ սովորաբար լինում է ցուրտ, պարզկա գիշերներին։ Վերջին քառորդի լուսնի եղջյուրը, որ արդեն բարձրացել էր հորիզոնից, աղոտ լույս էր սփռում քաղաքի վրա։

Էմման հենվեց ամուսնու թևին, իսկ Զազունյանն անցավ էմմայի կողմը, և երեքով անցան Գոլովինսկի պրոսպեկտ։ Երեքն էլ լավ տրամադրության մեջ էին, մանավանդ էմման. նրա սիրտը լի էր այն անմիտ, անխորհուրդ անձկությամբ, որով մարդ այսպիսի րոպեներին մի տեսակ քաղցր տանջանքով մի բանի, մի անհասկանալի բանի է ձգտում, ինչ բանի՝ ինքն էլ չգիտե։ Նա մինչև անգամ զգում էր, թե պատրաստ է արտասվելու։