Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը չափազանց մեծ ուրախություն էր պատճառել երկու նախկին սիրելի և ամենամոտ դասակցուհիներին, որոնք դեռ երկար ժամանակ շարունակում էին ժպտալ միմյանց աչքերին։ Եթե տեղը ներեր, գուցե նրանք այդ ժամանակ միմյանց գրկի մեջ լինեին և կարոտալից համբույրներ լինեին տալիս միմյանց։
— Ես քեզ սաստիկ ցանկանում էի տեսնել, Նունե,— ասաց իշխանուհի Մելիքյանը,— և այժմ զարմանում եմ, թե ի՛նչպես դեպքը հանդիպեցրեց մեզ միմյանց։
— Իսկ ես երազել անգամ չէի կարող, որ քեզ երբևիցե կարող եմ այստեղ պատահել,— ասաց յուր կողմից տիկին Հարունյանը։— Ես կարծում էի, որ դու նախկին սիրելի ընկերուհիներիդ վաղուց արդեն մոռացած կլինես, որովհետև քեզնից ոչ մի տեղեկություն չունեինք, և ամենքն էլ ակամայից ստիպված էին քեզ մոռացության տալ... Ա՜խ, Սոֆիա, սի՛րելի, ո՛րքան բան ունինք խոսելու... հարցնելու միմյանց, այդպես չէ՞... Ե՜կ մեր օթյակը, Սոֆիա... Դու մենա՞կ ես եկել։
— Ինչպես տեսնում ես,— պատասխանեց իշխանուհի Մելիքյանը,— ժպտալով։
— Ուրեմն ե՛կ մեր օթյակը։ Ես քեզ կծանոթացնեմ ամուսնուս հետ։
Իշխանուհի Մելիքյանը, որ մինչև այդ ժամանակ, ըստ երևույթին, չէր տեսնում պարոն Հարունյանին, յուր ընկերուհուց ամուսին բառը լսելուն պես դեմքը դեպի նա դարձրեց և, կիսախուփ աչքերով նրա վրա մի քննական հայացք ձգելուց հետո՝ դուրս գնաց յուր օթյակից ու իսկույն, պենսնեն ձեռքին պտտեցնելով, հայտնվեցավ Հարունյանների օթյակում։ Տիկին Հարունյանը ներկայացրեց նրան յուր ամուսնուն, որն, իսկույն տեղից վեր կենալով, իրեն հատուկ ծանրախոհ քաղաքավարութլամը, որ գրեթե սառն ընդունելության