վրա, մեջքը դեպի մոմերն անելով, և ավելի խորասուզվեց իր մտախոհության մեջ։
Նա մտածում էր Մարկոսյանների մասին։
Մինչև այդ օրը նա այնքան էլ ուշադրություն չէր դարձնում իր վաղեմի ընկերոջ և նրա մանկահասակ կնոջ վրա մինչև անգամ իրենց հանդիպման առաջին օրը նա այն ջերմ զգացմունքով չընդունեց նրանց, ինչպես որ պետք էր, և նրանց հետ ունեցած իր հարաբերությանն ավելի սովորական ձև էր տալիս, քան մտերմական. բայց այդ օրը, երեկոյան, երբ Զաքարն անսպասելի կերպով մտավ իր մոտ և հայտնեց նրան, որ կինը սպասում է դուրսը և նա, դուրս գնալով պատշգամբը, տեսավ էմմային կառքի մեջ նստած, հանկարծ մի ինչ-որ բան շարժվեց նրա սրտում։— Շնորհակալության զդացմո՞ւնք էր այդ, համակրությո՞ւն, թե՞ խորին հարգանք,— նա ինքն էլ չգիտեր, միայն զգաց, որ այդ րոպեից նա այլևս այն սովորական հայացքով չնայեց էմմային, ինչպես առաջ, այլ մի ուրիշ տեսակ, այնպես, ինչպես նայում են իրենց ամենամոտիկ բարեկամին, սրտակցին։ Այնուհետև, երբ ընդունեց էմմային սանդուղքի վրա և ներս հրավիրեց իր սենյակը, նա մի տեսակ ազնիվ հպարտություն զգաց․ կարծես անարժան էր համարում իրեն, որ այդ գեղեցիկ, քնքուշ մանկահասակ կինը պատիվ է անում իրեն այցելելու։ Կարծես նրա աչքերը նոր բացվեցին, և նա տեսավ, թե որքան ուշադրության արժանի և համակրելի կողմեր ունի այդ կինը։
Երկար ժամանակ նա նստած էր նույն անշարժ դրության մեջ։ Շրջապատող կատարյալ լռությունը նպաստում էր նրա մտախոհությանը։ Երբեմն միայն փողոցից խուլ կերպով լսվում էր որևէ կառքի դղրդոց, բայց նա այն աստիճան խորասուզված էր իր ակամա, անորոշ մտախոհության մեջ, որ բոլորովին ոչինչ չէր լսում։ Հանկարծ սթափվեց, նայեց ճրագներին, ինքն էլ չիմանալով, թե ինչու, ձեռքով շփեց դեմքը, վեր կացավ և սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Նոր հասկացավ, որ մտախոհությունն իրեն շատ հեռու էր տարել։ Նա կատարելապես տիրապետեց իրեն և դուրս գնաց պատշգամբ՝ փոքր֊ինչ հովի դիպչելու։ Սառն օդն ախորժելի թվաց նրան։ Հինգ րոպեի չափ մնալով պատշգամբում և մտածմունքները