բոլորովին ցրելով, նա նորից մտավ սենյակը, դուռը փակեց, հանվեց և պառկեց։ Մինչև քունը բոլորովին կգար, սկսեց մտածել ուրիշ բաների մասին, իր կալվածքների առաջիկա դատի մասին, ճանապարհորդության միջոցին իրեն պատահած զանազան արկածների մասին։ Այնուհետև սկսեց հիշել իր անցյալ կյանքից զանազան անցքեր և այդ ժամանակ հանկարծ հիշեց այն զինվորականին և նրան ուղեկցող կնոջը, որոնց այդ գիշեր պատահեց հյուրանոցի սանդուղքի վրա։ Զինվորականին հիշելուն պես՝ այս անգամ մտաբերեց, թե ով էր նա... Ու վեր թռավ տեղից, նստեց անկողնի վրա և մեքենայաբար նայեց դռան կողմը, կարծես զինվորականը պետք է ներս մտներ։
«Մի՞թե այդ նա էր․․․ հապա նա՞․․․», ասաց նա համարյա բարձրաձայն։
Երկրորդ օրը Զազունյանը հիշեց, որ պետք է գնա Մարկոսյանների տուն։ Ուզում էր և՛ գնալ, և՛ չէ, բայց որովհետև խոսք էր տվել, չէր կարող չգնալ։ Եվ գնաց։
Ժամը երեքն էր։ Զաքարը տանը չէր, դեռ չէր վերադարձել հիվանդանոցից։ Զազունյանին առաջին օրվա պես դիմավորեց էմման։
— Ես ձեզ ավելի վաղ էի սպասում, պ. Զազունյան,— ասաց նա իրեն հատուկ քնքուշ, շնորհալի ժպիտով,— ամուսինս էլ ձեզ դեռ առավոտյան էր սպասում թեյի, չնայելով, որ ասել էր ճաշին շնորհ բերեք։
— Ես այնքան խառնված եմ, տիկին, որ սրանից վաղ գալ չէի կարող,— պատասխանեց Զազունյանը՝ նստելով ոչ թե առաջարկած բազկաթոռի, այլ աթոռի վրա՝ իր սովորության համեմատ՝ առանց դեմ ընկնելու նրա մեջքին։
Էմման նստեց նրա դիմաց։
— Կներե՞ք արդյոք,— ասաց նա ձեռքը մեկնելով մոտի փոքրիկ սեղանի վրա դրած ձեռագործին, որով զբաղված էր մինչև Զազունյանի գալը։
— Խնդրեմ, խնդրեմ, տիկին։
Էմման վերցրեց ձեռագործը։