Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմ նրա գլխավոր հոգսը Զազունյանն էր, որին ամեն կերպ աշխատում էր հյուրասիրել։ Պակաս ուշադրություն չէր դարձնում և կնոջ վրա։

— Էմմա,— ասում էր նա,— չգիտեմ ինչու, բայց այսօր Զազունյանի հետ դու էլ իմ աչքին հյուր ես երևում, իհարկե, անգին հյուր և սրա հետ քեզ էլ ուզում եմ լավ պատիվ տալ։ Համեցեք։

Եվ առաջարկում էր նրան մի որևէ համեղ խորտիկ։

Խոսակցությունը սեղանի շուրջը ավելի աշխույժ ու կենդանի էր։ Չնայելով, որ ընդամենը երեք հոգի էին նստած, բայց Զաքարն իր անվերջ կատակներով, ծիծաղներով և ոչ մի րոպե լուռ չմնալով, տասն հոգու չափ աղմուկ էր հանում, մանավանդ, երբ գլուխը փոքր-ինչ տաքացավ։

Երբ սեղանը հավաքելուն մոտ էր, Զազունյանը ժպտալով դարձավ Զաքարին.

— Ի՞նչպես է, բարեկամ, քունդ չի՞ տանում։

Անզուսպ, բարձրաձայն ծիծաղը կարծես պատռեց Զաքարի կուրծքը։

Զազունյանը նույն ժպիտով նայեց էմմային, էմման— նրան, և երկուսն էլ միաժամանակ ծիծաղեցին։

— Իմ հա՛խս է, իմ հա՛խս է,— ասաց Զաքարը, ծիծաղը հազիվ զսպելով և թաշկինակով սրբելով աչքերը։— Բայց քո ջգրու ես այսօր չեմ քնի։ Ճիշտն ասած՝ միտս էլ չէր, թե պետք է քնեմ, քո միտը ո՞րտեղից եկավ։

Երբ ճաշը վերջացավ, Զաքարն ու Զազունյանը դուրս գնացին հյուրասենյակ, իսկ էմման մնաց սեղանը հավաքելուն հսկելու։ Նա իրեն չափից դուրս ուրախ և երջանիկ էր զգում։ Այն գիտակցությունը, որ այնտեղ, մյուս սենյակում իր ամուսնու հետ նստած է Զազունյանը, և ինքն ամեն րոպե կարող է գնալ այնտեղ, տեսնել նրա խելացի դեմքը և առաջվա նման զրույց անել նրա հետ, սիրտը լցնում էր անհուն քաղցրությամբ։

Սեղանը հավաքել տալուց հետո նա աղախնին ասաց, որ Արամիկին տանի զբոսանքի, որովհետև եղանակը լավ էր։ Նա ինքն ուղղեց Արամիկի հագուստը, մազերը և մի քանի անգամ ամուր համբուրեց նրա վիզը, ծնոտի տակ։ Այնուհետև լվաց ձեռքերը, երեսը, ողողեց բերանը, ինչպես ճաշից