Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նմանում, գլուխ տվավ նրան և իսկույն ևեթ առաջարկեց նրան յուր աթոռը օթյակի առաջնակողմում։

Իշխանուհի Մելիքյանը ժպտալով հայտնեց նրան յուր շնորհակալությունն և ձգվեցավ առաջարկած աթոռի վրա։

— Դու էլ խո արդեն ամուսնացել ես, Նունե,— ասաց նա նույն ժպիտը դեմքին և շարունակելով պենսնեն ձեռքին պտտեցնել։— Շնորհավորում եմ։

— Օ՜, իհարկե, ես չէի կարող միշտ օրիորդ մնալ,— պատասխանեց տիկին Հարունյանն ուրախ ծիծաղելով և նստելով նրա մոտ, յուր աթոռի վրա։

— Ահա հինգերորդ տարին է, ինչ ես ամուսնացած եմ, և այժմ մի փոքրիկ սիրուն աղջկա մայր եմ... Բացի դրանից, պետք է ասեմ, որ ես երջանիկ եմ և այն կողմից, որ իմ ամուսնուց շատ գոհ եմ։

Իշխանուհին նշանավոր կերպով ժպտաց այդ խոսքերի վրա և նայեց պարոն Հարունյանին, որ նույնպես ուշադրությամբ նայում էր այդ գեղեցիկ կնոջը։

— Տեսնում եք, ո՛րպես ձեր կինը գովում է ձեզ, պարոն Հարունյան,— ասաց նա նրան մի այնպիսի եղանակով, որ կարծես նրա հետ երկար ժամանակից ի վեր և մոտ հարաբերություն ուներ։— Նայելով ձեր բարի և խելացի դեմքին, ես չեմ կարծում, որ ձեր կինը չափազանցնելիս լինի, և կարծում եմ, որ դուք նույնքան գոհ պիտի լինեք նրանից, որքան և նա ձեզանից։

Պարոն Հարունյանին թեպետ դուր չեկավ այդ ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ բառերը փորձող և իրեն բարձր բռնող մարդու հանձնապաստանությամբ, մանավանդ նոր ծանոթի վերաբերությամբ, որպիսին էր ինքը,— բայց և այնպես, զգալով նրա մի առանձին կերպով ժպտող գեղեցիկ աչքերի խոր ազդեցությունը, պատասխանեց նույնպես ժպտալով.

— Դուք այսուհետև այդ բանի մեջ համոզված կարող եք լինել իշխանուհի։

— Բայց ե՞րբ ես եկել, Սոֆիա, մոռացա հարցնել,— հանկարծ հարցրեց տիկին Հարունյանը, որ դարձյալ շարունակում էր կարոտալից նայել իշխանուհի-ընկերուհու աչքերին։