հետո միշտ սովորություն ուներ, սրբվեց, ուղղեց մազերը, հագուստը և զվարթ ու գեղեցիկ գնաց հյուրասենյակ։ Երբ ներս մտավ, Զաքարը և Զազունյանը վիճաբանում էին գերմանական մի նշանավոր քաղաքագետի վերջերքը պառլամենտում խոսած մի նշանավոր ճառի մասին, որ քաղաքական մեծ աղմուկ էր հանել։ Ինչպես երևում էր, հաղթանակը Զազունյանի կողմն էր, որովհետև նա, ինչպես միշտ, նստած էր հանդարտ, իսկ Զաքարը կանգնած էր առջև և ոչ մի րոպե տեղում հանգիստ չմնալով՝ խոսում էր տաքացած։ Սակայն Էմմայի ներս մտնելովը նրանց վիճաբանությանը վերջ տրվեց, և խոսակցությունը փոխվեց ուրիշ նյութի մասին։
— Արսեն, արի թուղթ խաղանք,— հանկարծ ասաց Զաքարը, որ գիտեր այդպես անտեղի կերպով շուտ-շուտ մի բանից մյուսն անցնել։— Ի՞նչ կասես։
— Ի՛նչպես կամենում ես,— պատասխանեց ժպտալով Զազունյանը։
— Դու ի՞նչ կասես, Է՛մմա։
— Դու որ գիտես այդպիսի տարօրինակ բաներ,— հանդիմանորեն, սակայն ծիծաղելով նկատեց նրան կինը:
— Մի վախիր, փողով չենք խաղալու, չէ,— կանչեց Զաքարը, նրա միտքը հասկանալով։— Ժամանակ անցկացնելու և զվարճանալու համար միայն, ուրիշ ոչինչ, թե չէ՝ ինքդ գիտես, որ ես թուղթ խաղալ համարյա չգիտեմ։
Նա վեր կացավ, որպեսզի սեղան պատրաստի, բայց Էմման կտրեց նրա առաջը և ինքը սկսեց պատրաստել։ Երեքն էլ նստեցին սեղանի շուրջը:
— Ի՞նչ պետք է խաղանք,— հարցրեց Զազունյանը։
— «Դուռաչկի»,— ասաց Զաքարը։— Ի՞նչ անեմ, սիրելիս, որքան էլ այդ կոպիտ խաղ լինի — մանավանդ երբ կին էլ է մասնակցում խաղին, այնուամենայնիվ ուրիշ խաղ չեմ կարող խաղալ, որովհետև բացի դրանից ես ուրիշ խաղ չեմ իմանում և այդ խաղը շատ եմ սիրում, չնայելով, որ, այս էլ պետք է ասած, «դուռաչկի» խաղալիս «դուռակը»՝ հիմարը, միշտ ես եմ մնում։
Զաքարը վերցրեց խաղաթղթերն, իրեն հատուկ կոմիկական աշխույժ արագությամբ ջոկեց հարկավոր թղթերը, խառնեց, կտրել տվեց, և բաժանելն իրեն ընկավ։ Խաղն