Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսվեց։ Չնայելով իր աշխույժ խաղին և ամենից շատ աղմուկ հանելուն, իրավ որ նա շատ վատ խաղացող էր, համարյա ամեն անգամ «դուռակը» նա էր մնում, որով և ստիպում էր Զազունյանին երբեմն ժպտալ, երբեմն ծիծաղել, իսկ էմմային՝ միշտ կուշտ ծիծաղել։

10

— է՛հ, էլ չեմ ուզում այս խաղը,— վերջապես կանչեց Զաքարը, անհաջողությունից իրեն նեղացած ձևացնելով և խաղաթղթերը ցրելով սեղանի վրա։— Այսքան «դուռակները» որ գումարենք, վերջը ես խելագար դուրս կգամ։

Եվ նա վեր կացավ տեղից։

— Բարեկամ, ինչո՞ւ ես այդպես շուտ տաքանում,— ասաց Զազունյանը,— չէ՞ որ քո սիրած խաղն այդ է։

Նա նույնպես վեր կացավ տեղից։

— Այո, այդ է,— պատասխանեց Զաքարը,— բայց միշտ հիմարանալ հիմարություն կլինի։ Հիմա գիտե՞ս ինչ, էմմա,— դարձավ նա կնոջը,— ինչ որ հարկավոր չէ, հիշում եմ, ինչ որ հարկավոր է, մոռանում եմ,— դու կնստես այս սնդուկի առջև (սնդուկ նա անվանում էր դաշնամուրը) և մեզ համար մի երկնային բան կթրխթրխկացնես․․․ երկայն չհասկանաս, երկնային եմ ասում, այնպիսիներից, էլի, ես ու դու որ դիտենք։ Հա՛, Արսեն,— հանկարծ դարձավ նա Զազունյանին,— դու չգիտես, որ կինս երկար ժամանակ երաժշտությամբ էր պարապում։ Առանձին ուսուցչուհի էր վարձել։ Մոսկվայից եկած, թե վռնդած, չգիտեմ, մի քավթառ ֆրանսուհի էր, իմ քթից էլ մեծ քթով, երեսին պուդր—որքան քեֆդ տա, մի կատարյալ ցավ էր անպիտանը, կողքով անցնելիս զոռով դիպչում էր և իսկույն — պարդո՛ն։ Բայց ճշմարիտը պետք է ասած՝ իր գործին հմուտ էր և կնոջս լավ սովորեցրեց, հիմա կտեսնես, թե ինչպես հիանալի նվագում է։

Եվ խորամանկությամբ ժպտալով նա ծուռ նայեց կնոջը։

Էմման, որ հավաքում էր խաղաթղթի սեղանը, կարմրեց և մի տեսակ թեթև ամոթխածությամբ ու միևնույն ժամանակ բարեկամաբար ժպտալով նայեց Զազունյանին։