Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես ձեզ ի՞նչ էի ասում, պ. Զազունյան,— ասաց նա։

— Ի՞նչ, ի՞նչ էիր ասում,— հարցրեց Զաքարը շտապով։

— Տիկինն ասում էր, որ դու ամեն բան չափազանցում ես,— նրա տեղ պատասխանեց Զազունյանը։

— Ճիշտ է, ես առհասարակ մի սովորություն ունեմ․ ինչ որ լավ է, միշտ չափազանցել, իսկ ինչ որ վատ է, միշտ մեղմացնել, և կարծում եմ, որ այդ մեղք չէ, չէ՞։ Դե, եկ նստիր և սկսիր,— դիմեց նա կնոջը։

Էմման վարանքով նստեց դաշնամուրի առջև։ Սկզբում շփոթվում էր, ձեռքերը թեթև կերպով դողում էին, իսկ սիրտը բաբախում էր արագ։ Վերցրեց ձայնագրատետրերը և սկսեց թերթել։ Երկար ժամանակ չէր կարողանում որոշել, թե ինչ նվագի։ Թեև չէր նայում Զազունյանին, բայց զգում էր, որ նա սպասում է, և նրա աչքերը նայում են իրեն, այդ պատճառով ավելի էր կորցնում իրեն։ Վերջապես ամբողջ մարմնով մի տեսակ շարժում գործեց, կարծես աշխատելով դուրս գալ անսովոր շփոթությունից, իրեն բռնի սիրտ տվեց, արագ բաց արեց մի բան, ինքն էլ չիմանալով ինչ, և սկսեց նվագել։ Ինչպես արբած ժամանակ, երբ մարդ մի տեսակ անբնական լարված ջղերով մի բան է գործում կամ խոսում առանց իրեն հաշիվ տալու, նույնպես և նա, թեև նրա գեղեցիկ, երկար, փղոսկրի պես փայլուն մատները սահելով խաղում էին դաշնամուրի ստեղունքների հետ և աչքերը տենդային փայլով հետևում էին ձայնագրերին, բայց նա ինքը ոչինչ չէր հասկանում, կարծես երազի մեջ լիներ։ Սակայն, այդ միայն մի քանի րոպե տևեց. այնուհետև նա տիրապետեց իրեն. աթոռի վրա, որ մինչև այժմ նստած էր փոքր֊ինչ առաջ թեքված, ուղղվեց, շառագունած դեմքը մի վայրկյան միայն դարձրեց դեպի Զաքարն ու Զազունյանը, ինքնամոռաց ժպիտով նայեց նրան և շարունակեց նվագել այս անգամ շատ սահուն, առանց որևէ ջանադրության։ Նա մինչև անգամ սկսեց գրավել իր նվագով և շարունակելով նվագել, զգում էր, թե ինքը դեռ երբեք այնպես գեղեցիկ և վարպետորեն ոչինչ չէր նվագել։ Նրա ձեռքերն այլևս չէին դողում, սիրտն այլևս արագ չէր բաբախում։ Այս անգամ ամբողջ մարմնի մեջ մի տեսակ դուրալի աշխույժ էր զգում. միայն դեմքն առաջվա նման շառագունած