Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր և սաստիկ գեղեցկացած. աչքերի մեջ փայլում էր երջանկության և ինքնաբավականության հուրը։

Գեղեցիկ պիեսի վերջին ակորդները, արձագանք տալով ընդարձակ հյուրասենյակի մեջ, լռեցին նրա մատների տակ և նա, թողնելով դաշնամուրի ստեղունքները, վեր կացավ տեղից։ Առաջին հայացքը, որ նա ձգեց, Զազունյանի վրա էր։ Այդ հայացքը կարծես հարցնում էր— ի՞նչպես էր, գո՞հ եք։

Զազունյանը վեր կացավ, մոտեցավ նրան և ջերմ կերպով սեղմեց նրա ձեռքը։

— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց նա,— շատ շնորհակալ եմ։ Զաքարն իրավունք ուներ. դուք հիանալի նվագում եք։ Շնորհակալ եմ։

Նա կրկին սեղմեց էմմայի ձեռքը։

Էմման բոլորովին շառագունեց և աչքերը ամոթխածությամբ վայր թողեց։

Երջանկությունն ու ինքնաբավականությունը խաղում էին նրա դեմքին։ Որքա՜ն գեղեցիկ էր նա այդ րոպեին։ Ակամա հիացմունքը պաշարեց Զազունյանին։

— Բռա՜վո,— հանկարծ լսվեց Զաքարի ձայնը։ Նա կարծես նոր ուշքի եկավ այն հիացմունքից, որ պատճառել էր նրան կնոջ նվագը։— Բռա՜վո, բռա՜վո, էմմա..․ Բռավի՜սսիմո.․.

Նա վեր կացավ և մինչև անգամ սկսեց ծափահարել։

11

Նույն օրը՝ գիշերը, էմման մենակ նստած էր իր փոքրիկ սենյակում, սեղանի առջև և զբաղված էր նույն օրվա ձեռագործով։ Ձեռքերը գործում էին, իսկ միտքն ամբողջապես զբաղված էր այդ օրվա տպավորություններով։ Ահա, առավոտյան վեր է կենում և առաջին միտքը, որ ծագում է նրա գլխում, այն է, որ այդ օրը Զազունյանը պետք է այցելի իրենց, և այդ գիտակցությունից մի անսովոր զվարթություն, մի անսովոր ուրախություն պաշարում է նրան։ Ահա սպասում է նա, անդադար դուրս ու տուն անելով, թեև