«Այս ի՜նչ եմ ասել, այս ի՜նչ եմ ասել», սարսափով շշնջաց նա և անզգայաբար շպրտելով ձեռագործը սեղանի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով։ Նրան թվում էր, թե շատ հանդուգն և աններելի բան է ասել։ Եվ ի՞նչպես նա այն ժամանակ չհասկացավ, որ նոր ծանոթին այդպիսի խոսքեր չեն ասում։ «Ով գիտե այդ խոսքերից նա ինչ եզրակացրեց», ասաց նա ինքնիրեն և ձեռքերը կամաց հեռացրեց դեմքից։ Նրա դեմքն անմեղ ամոթխածությամբ լուռ ծիծաղում էր։ Նա կարճ ժամանակ մնաց անշարժ, աչքերը մի կետի հառած, հետո հանկարծ վեր թռավ տեղից։
«Ո՛չ, այս ներելի չէ, այս ներելի չէ», ցած ձայնով բացականչեց նա և հեռացավ դեպի լուսամուտը։ Նա բաց արեց լուսամուտի տախտակե փեղկերը և, սրբելով ապակու գոլորշին, դեպի դուրս նայեց։ Դուրսը գիշերը բոլորովին մութն էր։ Լուսամուտի առջև երևում էին փողոցում տնկված ծառերի կատարների տակավին մերկ ճյուղերը, իսկ այն կողմը, հեռու, դիմացի հսկա տները գիշերային մթության մեջ նկարվում էին իրենց մռայլ ուրվագծերով։ Ոչ ոքի լուսամուտից ճրագի լույս չէր երևում, որովհետև բոլորի տախտակե փեղկերը փակ էին։ Երևում էր միայն փողոցի լապտերը, որ իր փայտե սյունի վրա կանգնած շուրջը, շատ մոտ տարածության վրա, աղոտ լույս էր սփռում, և այդ լուսավորված տարածության վրա փողոցի սալահատակը պղտոր ջրի գույնի էր խփում։
«Ինչպես երևում է, դուրսը բավական ցուրտ է», ասաց նա ինքնիրեն, աշխատելով մոռանալ Զազունյանին ասած խոսքերը, որոնց հիշելիս նրա դեմքը շարունակ այրվում էր ամոթից։ Նա ապակու միջից նայեց բարձր երկնքին։ «Արդյոք ամպամա՞ծ է, թե մառախուղով է պատած, աստղեր չեն երևում»։ Նա կամաց ճակատը կպցրեց սառն ապակուն և այս անգամ սկսեց նայել դեպի ցած, փողոցին։ «Անցուդարձը կտրվել է. ոչ ոք չի երևում», շարունակում էր նա մտածել ուրիշ բաների մասին, որպեսզի բոլորովին մոռանա Զազունյանին ասած խոսքերը։ «Չէ, ահա մի մարդ. շտապով անցնում է։ Իհարկե, տուն կլինի գնալիս։ Տեսնես ո՞րտեղ է եղել»։ Եվ այսպես, որքան աշխատում էր ուրիշ բաների մասին մտածել, չէր հաջողվում։ Զազունյանին