որպիսին շռայլում են տղամարդիկ կանանց առջև։ Ո՛չ, ո՛չ, նրա մեջ քծնանքի մի գիծ անգամ չկար, և նա լոկ քաղաքավարության համար չէր կարող հաճոյախոս լինել։ Մի՞թե ինքը իր աչքով չտեսավ, թե որքան խոր զգացված էր նա, նրա հայացքի յուրաքանչյուր գիծը, ձայնի յուրաքանչյուր ելևէջը հիացմունք և շնորհակալություն էր արտահայտում։
Էմման նորից մոտեցավ լուսամուտին և այտն առաջվա նման սեղմեց ապակուն։
«Ա՜խ, ի՜նչ լավ է»․․․ անհուն քաղցրությամբ շշնջաց նա և ժպտող աչքերը փակեց։
«Մեկ, երկու», կարծես երազում համարեց նա ժամացույցի ձայնը, որ գալիս էր հարևան սենյակից։ Հանկարծ աչքերը բաց արեց, այտը հեռացրեց ապակուց և ականջ դրեց։
«Մի՞թե երկուսն է», շշնջաց նա զարմացած։ «Այսպե՜ս արագ անցավ գիշերը... Իսկ քունս չի գալիս... Զարմանալի է․․․»։ Նա փակեց լուսամուտի փեղկերը, գնաց նստեց և շարունակեց ձեռագործը։
Ու մտածմունքները նորից պաշարեցին նրան։
Վերջապես նրա աչքերի կոպերը սկսեցին ծանրանալ. քունն արագությամբ սկսեց աղոտացնել նրա քաղցր մտածմունքները և թմրեցնել նրա մարմինը։ Ձեռագործը մի կողմ դրեց, խառնված աչքերը ձգեց առաստաղին և՝ երջանիկ ժպիտը դեմքին՝ հորանջեց, սիրուն կերպով բաց անելով փոքրիկ բերանը։
«Մեկ, երկու, երեք» համարեց նա ժամացույցի զարկերը, վեր կացավ, ճրագը հանգցրեց և գնաց ննջարան։
Իր անկողնում պառկած էր Զաքարը։ Այնպես խորն էր քնած, որ եթե թնդանոթ անգամ արձակեին, թվում էր, թե դարձյալ չէր արթնանա։ Լամպի լույսն ընկնում էր նրա դեմքին։ Էմման ակամա կանգ առավ նրա անկողնակալի առջև և սկսեց զննաբար նայել նրա դեմքին։ Տե՛ր աստված, ի՜նչ սարսափելի մեծ է նրա քիթը․․․ իսկ պնչերն ի՜նչպես անճոռնի կերպով լայնանում են և անախորժ շչյունով ներս են ծծում օդը... Հապա ճակատը,— ի՛նչ նեղ և անճոռնի է.․․ հապա մորո՞ւքը, բեղե՞րը, հոնքե՞րը, գլխի