Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մազերը ի՛նչպես վատ խճճվել են... հապա դե՞մքը... հապա...

Ինչ-որ վատ զգացմունք գողի նման ներս սողաց էմմայի սիրտը, և նա ակամա զզվանքով շրջեց դեմքն ամուսնուց։ Բայց նույն րոպեին, կարծես բնազդմամբ, հասկանալով, որ այդ լավ չէ, նա ի ներքուստ ինքն իր դեմ կատաղեց և անկոչ զգացմունքը խլացրեց իր մեջ։ Արագ մոտեցավ լամպին, լույսը ցածրացրեց, դողդոջուն ձեռքերով հանվեց և պառկեց իր անկողնի մեջ ինչ-որ վատ, շատ վատ նախազգացումով...

12

Հետևյալ օրը էմման, մտաբերելով գիշերվա իր դրությունը, շատ զարմացավ։ Առաջին անգամն էր, որ մի օրվա տպավորությունները այդ աստիճան զբաղեցնում էին նրա միտքն ու սիրտը, և նա որքան աշխատում էր որևէ բացատրություն տալ այդ երևույթին, մնում էր տարակուսած։ Ոչ մի պատճառ չէր գտնում, որ հավանական լիներ, և այդ պատճառով նրա տարակուսանքն ավելի մեծանում էր։ Այնինչ այդ օրը նա իրեն տխուր էր զգում, առանց որևէ ակնհայտ պատճառի։ Նախորդ օրվա անզուսպ ուրախության հետքն անգամ չկար նրա մեջ։ Մի ինչ-որ ծանր, դառն զգացմունք ճնշում էր նրա սիրտը։ Նա զգում էր, որ սովորական ախորժակով չի խմում առավոտյան թեյը, սովորական ախորժակով չի ուտում նախաճաշը։ Ամուսնու կատակները նրան դուր չէին գալիս։ Մինչև անգամ, երբ առավոտյան հագցնում էր Արամիկին, մայրական այն խանդավառ սիրով չհամբուրեց նրա վիզը, ծնոտի տակ, ինչպես ուրիշ անգամներ։ Աղախնի և ծառայի վրա ինչ֊որ աննշան պատճառով մի քանի անգամ բարկացավ, որ առաջ չէր պատահում։

Այդ օրն իր և Արամիկի համար մի քանի բաներ ուներ գնելու։ Ժամը տասնևմեկն էր։ Առավ Արամիկի ձեռքը և դուրս եկավ տանից։ Դվորցովայա փողոցի վրա մտավ մի խանութ։ Խանութը մի նեղ կամարով բաժանված էր երկու մասի։ Առաջին մասում չկային հարկավոր իրերը, նրան