Դեռևս վաղ էր, նա չուզեց այդպես շուտ տուն դառնալ և, Արամիկի ձեռքից բռնած, անցավ դեպի պալատ։ Պալատի առջև՝ ծառուղիի ծայրին, տեսավ Զազունյանին, որը մի կողմ քաշված՝ խոսում էր մի պարոնի հետ։ Էմման մոտեցավ նրան և պետք է անցներ նրա մոտով, առանց հույս ունենալու, թե նա կտեսնի իրեն, բայց նույն րոպեին Զազունյանն, երևի վերջացնելով խոսակցությունը, սեղմեց խոսակցի ձեռքը և ուզում էր անցնել միևնույն ուղղությամբ, ինչ որ էմման։
Նա տեսավ էմմային և իսկույն մոտեցավ նրան։
— Բարև ձեզ, տիկին. ներեցեք, քիչ էր մնում անցնեի առանց ձեզ նկատելու,— ասաց նա ջերմորեն սեղմելով նրա ձեռքը։
— Դուք այնպես տաք խոսակցության մեջ էիք այն պարոնի հետ,— ասաց էմման ժպտալով։
— Այո,— պատասխանեց Զազունյանը, կսմթելով Արամիկի թշիկը։— Իմ փաստաբանն էր, որին հանձնել եմ գործս։
— Հապա ասում էիք, թե գործն այնքան էլ դժվարություններ չի ներկայացնում ձեզ համար։
— Ինչ ուզում է լինի, տիկին, դատարանի հետ փոքր ի շատե խճճված գործ ունեցողը առանց փաստաբանի ոչինչ չի կարող անել։ Ես տեղեկացա, որ հակառակորդներս ուզում են գործն ավելի խառնել, այնպես որ վախենում եմ, թե մի՛ գուցե պատրաստություններ չտեսած տանուլ տամ գործը։
Եվ նա համառոտ, ընդհանուր գծերով սկսեց պատմել գործի էությունը։
Դանդաղ քայլերով նրանք առաջ էին գնում։ Էմման զգում էր, թե ինչպես կամաց֊կամաց անցնում էր իր անորոշ տխրությունը, և երեկվա նույնպես անորոշ ուրախությունը նորից պաշարում է իրեն։ Զազունյանի պատմելու ժամանակ նա երբեմն ակամա զննողական հայացքով դիտում էր նրան և ամեն անգամ ներքուստ մի տեսակ գոհունակություն էր զգում, տեսնելով նրա պատկառելի և գրավիչ արտաքինը, որով տղամարդկանցից շատ քչերն են լինում օժտված։ Նա մինչև անգամ մի տեսակ հպարտություն էր զգում, երբ տեսնում էր, որ անցուդարձ անող համարյա բոլոր կանայք մի առանձին հայացքով էին նայում Զազունյանին, իսկ նրա հետ