Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և իրեն, և այդ հպարտությունն ավելանում էր ավելի այն ժամանակ, երբ տեսնում էր, որ Զազունյանը, բացի իրենից, ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, իսկ շատերին բոլորովին չի էլ նայում։ Եվ իրավ, Զազունյանն անցնելով էմմայի հետ, այնպիսի սիրով և իրեն հատուկ զգաստ քաղաքավարությամբ էր խոսում նրա հետ, որ կարծես այն ահագին մայթի վրա, բացի նրանից, ոչ ոքի և ոչինչ չէր տեսնում։ Երևում էր, որ սովորականից ավելի լավ տրամադրության մեջ էր։ Խոսակցությանն երբեմն այնպիսի սրամիտ և թեթև կատակի ձև էր տալիս, որ էմման ակամա ծիծաղում էր։ Բնավորության այդ մի գիծը թեև նա առաջ էլ նկատում էր Զազունյանի մեջ, մանավանդ Զաքարի հետ ունեցած խոսակցության ժամանակ, բայց այժմ այդ գիծը նրան ավելի էր աչքի ընկնում և ավելի էր գրավում նրան։ Թեև Զաքարը ոտից գլուխ կատակ էր, բայց նա երբեմն այնպիսի անհամ կատակներ գիտեր անել, որ լսողը ծիծաղում էր նրա համար միայն, որ այդ կատակները անհամ էին, այնինչ Զազունյանի կատակները լինում էին այնքան սրամիտ, երբեմն հեգնական, թեթև, թռուցիկ և անսպասելի, գլխավորը— անսպասելի, որ լսողն ուզեր-չուզեր պետք է անպատճառ հիացման ժպիտ արտահայտեր։ Եվ այդ կատակները ոչ թե խանգարում, այլ ընդհակառակն, մինչև անգամ մի տեսակ ներդաշնակություն էին տալիս նրա լուրջ և զգաստ բնավորությանը։ Հասնելով «Քաղաքային ժողովարանին»՝ նրանք դարձան և նույն դանդաղ քայլերով սկսեցին ետ դառնալ։

«Ազնվականների ժողովարանի» առջև, լայն մայթի վրա, Զազունյանը հանկարծ տեսավ այն զինվորականին, որին մի քանի օր առաջ գիշերը հանդիպեց հյուրանոցի սանդուղքի վրա։ Զինվորականը գալիս էր դիմացից մի գեղեցիկ մանկահասակ կնոջ հետ, բայց ոչ այն, որի հետ այն գիշերը տեսավ նրան Զազունյանը։ Ինչպես երևում էր, նա դեռ հեռվից էր նկատել Զազունյանին։ Այնինչ Զազունյանը նրան տեսավ այն ժամանակ, երբ նա իրեն ուղեկցող կնոջ հետ նրանից մի քանի քայլ հեռավորությամբ պետք է անցներ նրա մոտով։ Զինվորականը, նայելով նրան՝ ձեռքը մոտեցրեց գլխարկին իբրև բարևի նշան, բայց նույն վայրկյանին