Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զազունյանն արագ շրջեց դեմքը առանց պատասխանելու նրա բարևին, ցույց տալով, թե չտեսավ նրան։

էմման տեսավ այդ և ետ նայեց զինվորականի կողմը։

— Այն զինվորականը, կարծեմ, ձեզ բարևեց, պ. Զազունյան,— ասաց նա։

— Ո՞ր զինվորականը,— շփոթված հարցրեց Զազունյանը և, փոխանակ ետ նայելու, դիտմամբ նայեց այս ու այն կողմը։

— Ահա նա, որ գնում է այն կնոջ հետ։

Զազունյանը, ըստ երևույթին ցույց տալու համար միայն, որ ուզում էր տեսնել, թե այդ ինչ զինվորական էր իրեն բարևողը, ետ նայեց և նույն րոպեին էլ դեմքը դարձրեց։

— Հա՛,— ասաց նա հանգիստ ձայնով,— Չտեսա։

Այնինչ էմման նկատեց, որ նա տեսավ զինվորականին, բայց դիտմամբ չպատասխանեց նրա բարևին։ Ակամա հետաքրքրությամբ նայեց Զազունյանի դեմքին և նկատեց, որ շփոթված և մռայլված է։ Եվ մի քանի րոպե առաջ այնքան պարզ և հասկանալի այդ մարդն այժմ իր շփոթված և մռայլ դեմքով այն աստիճանի մութ և խորհրդավոր էր երևում նրան, որ թվում էր, թե ոչ մի կերպ չի կարելի թափանցել նրա հոգին՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սակայն Զազունյանի մեջ կատարված այդ փոփոխությունն երկար չտևեց. կարծես, հանկարծ ուշքի գալով, որ իրեն ակամա կորցրել էր, նա բռնի կերպով տիրապետեց իրեն և վերստացավ իր առաջվա տրամադրությունը։ Էմման դարձյալ ակամա զննողաբար նայեց նրա դեմքին և զարմանքով տեսավ, որ նրա հանկարծակի փոփոխության հետքն անգամ չկա. նույն խելացի, նույն հանդարտ ու մերթընդմերթ նույն քաղցրությամբ ժպտող դեմքը, որ այնքան ծանոթ և ակամա գրավում էր նրան։ Որքան էմման մոտ էր ծանոթանում, խորը դիտում Զազունյանին, այնքան այդ տարօրինակ մարդը նրան զարմանալի և անհասկանալի էր թվում։ Ոչ մի կերպ չէր կարողանում նրա մասին մի ճիշտ, ամփոփ գաղափար կազմել, որպեսզի նրա հետ ունեցած իր հարաբերությանը համարձակորեն