Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տար այն եղանակը, որին, թեև տակավին անորոշ, բայց ձգտում էր նրա սիրտը։ Այդ մարդու մեջ հենց սկզբից նա շատ մութ կերպով տեսնում էր մի բան, ի՞նչ— ինքն էլ չգիտեր— որ ակամա ստիպում էր նրան փոքր ինչ զսպված մնալ և մինչև անգամ նայել նրա վրա... կասկածանքով։ Եվ արդյոք լա՞վ էր այդ մի բանը, թե վատ,— հենց այդ էր, որ նա չգիտեր և, թվում էր, թե երբեք էլ չի գիտնալ։

Բաժանվելիս Զազունյանն ասաց.

— Այս գիշեր «Հայուհյաց Բարեգործական Ընկերության» օգտին կոնցերտ են տալիս, դուք այնտե՞ղ կլինեք։

— Չգիտեմ, ճշմարիտ,— պատասխանեց էմման։— Եթե Զաքարը տոմսակ լինի վերցրած...

— Ես չեմ կարծում, թե նա դեպի բարեգործական նպատակն անտարբեր գտնվի,— ասաց ժպտալով Զազունյանը։

Էմման հիշեց խանութի անցքն և կարմրեց։

— Ես էլ չեմ կարծում,— պատասխանեց նա նույնպես ժպտալով։

Զազունյանը սեղմեց նրա ձեռքը, նորից կսմթեց Արամիկի թշիկն ու հեռացավ։

Էմման մի քանի անգամ ետ նայեց նրան, ինքն էլ չիմանալով ինչու, և Արամիկի հետ դիմեց դեպի տուն։

13

— Զաքար, այսօրվա կոնցերտի համար տոմսակ վերցրե՞լ։ ես։

— «Հայուհյաց Բարեգործական Ընկերության» օգտի՞ն։ Ի՞նչպես չէ․ երեք հատ, մեկը քեզ համար, մյուսն ինձ, երրորդը Զազունյանի համար։ Ես գիտեմ, որ տոմսակ վերցնելու համար նա ժամանակ չի ունենա։

— Դու ի՞նչ գիտես․ գուցե նա քեզանից առաջ է վերցրել։ Ես այսօր պատահեցի նրան և առաջին անգամ նա հիշեցրեց ինձ այդ բանը։

— Հաա՞, պատահեցի՞ր։ Դե, ինչ անենք, թող վերցրած լինի, թող մի տոմսակ ավել լինինք վերցրած, նպատակը բարեգործական է,— իբրև թե Արամիկին էլ հետներս