կային և բավականաչափ օտարազգիներ, որովհետև կոնցերտին մասնակցողների մեծ մասը օպերայի երգիչ֊երգչուհիներ էին։ Կոնցերտի աոաջին բաժինն արդեն սկսվել էր, երբ Զաքարն ու էմման ներս մտան դահլիճը։ Բարեբախտարար նրանց համարներն աթոռների շարքի ծայրումն էին, և նրանք, առանց ուրիշներին անհանգստություն պատճառելու, նստեցին իրենց տեղերը։ Էմման բոլորովին ուշադրություն չդարձրեց, թե բեմի վրա ով է երգողը և ինչ են երգում, այլ նստելուն պես աչքերով սկսեց որոնել Զազունյանին։ Նա դիտեց առջևի և ետևի շարքերը սկզբից մինչև վերջը, բայց Զազունյանին չտեսավ։ Նայեց և օթյակներին, կարծելով, թե գուցե այնտեղ է նստած, բայց այնտեղ էլ Զազունյան չկար։ Համոզվելով, որ Զազունյանը կամ դեռ չի եկել, կամ բոլորովին չի գա, նա աչքերն ուզում էր դարձնել դեպի բեմը, երբ հանկարծ օթյակներից մեկի մեջ տեսավ այն զինվորականին, որ այդ օրը փողոցում Զազունյանին բարև տվեց, բայց որին Զազունյանը չտեսնելուն տվեց։ Զինվորականը նստած էր երկու գեղեցիկ կանանց հետ և, ըստ երևույթին, մեծ ուշադրությամբ նայում էր բեմին։ Էմման մտաբերեց Զազունյանի այդ օրվա շփոթված ու մռայլ դեմքը և այդ զինվորականի ներկայությունը նրան շատ անախորժ թվաց, թեև բոլորովին չգիտեր, թե ով էր նա։ Այդ օրվա հանդիպումից այսքանս միայն եզրակացրեց, որ Զազունյանի և այդ զինվորականի միջև ինչ-որ կա, որը շատ անախորժ է Զազունյանի համար։ Այժմ կարծեց, թե գուցե Զազունյանն եկել էր, բայց տեսնելով, որ զինվորականն այստեղ է, հեռացել էր, որպեսզի չտեսնի կամ չհանդիպի նրան։ Նա սաստիկ տխրեց։ Մինչև անգամ ատելության նման մի զգացմունք շարժվեց նրա սրտում դեպի այդ անծանոթ զինվորականը։ Նա չիմացավ, թե ինչ երգեցին և ինչպես վերջացավ կոնցերտի առաջին բաժինը։ Վարագույրն իջավ, շուրջն սկսեցին ծափահարել և «բռավո՜», «բի՜ս» գոռալ։
— Ի՞նչ ես ծափահարում,— դժգոհությամբ ասաց նա ամուսնուն, որը համարյա ամենից եռանդով էր ծափահարում։
— Ի՛նչպես չծափահարեմ, քանի որ ռուս երգչուհին