Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և տեսավ, որ դա մեղավոր մարդու դեմք չէր, այլ սաստիկ վիրավորված, սաստիկ անպատված մարդու դեմք, որ իրեն հասցրած վիրավորանքի և անպատվության հետ ոչ մի կերպ չի ուզում հաշտվել։

Տեսնելով, որ մտքերն ու ենթադրություններն իրեն շատ հեռու են տանում և ոչ մի բավարար եզրակացության չեն հասցնում, քանի որ ինքը՝ փաստն էլ տակավին ենթադրություն է, նա այլևս ոչինչ չուզեց մտածել, վեր կացավ և դուրս գնաց դահլիճից։ Բայց ո՛րքան եղավ նրա զարմանքը, երբ տեսավ իր ամուսնուն մի կողմը քաշված՝ այն զինվորականի հետ բարեկամաբար խոսելիս։ Էմման երբեք չէր կարող երևակայել, թե Զաքարը նրա հետ որևէ հարաբերություն կարող է ունենալ, քանի որ Զաքարը ոչինչ չէր ասել նրան, թե մի այդպիսի ծանոթ կամ բարեկամ ունի, այնինչ նրանց խոսակցության ձևը ցույց էր տալիս, որ նրանք նոր ծանոթներ չէին, այլ՝ հին բարեկամներ։ Նա ուզում էր և՛ մոտենալ նրանց, և՛ չէ, որովհետև զինվորականը, ներկայանալով տակավին իբրև մի խորհրդավոր անձնավորություն, և՛ հետաքրքրում էր նրան, և՛ ատելության զգացմունք ներշնչում, թեև ինքն էլ պարզ չգիտեր, թե ինչ բանի համար։ Սակայն նա մնաց այնտեղ, որտեղ կանգնած էր։ Ավելի լավ համարեց սպասել, մինչև որ Զաքարը կվերջացնի խոսակցությունը և կմոտենա իրեն. այնուհետև նրանից տեղեկություն կհարցնի այդ զինվորականի մասին։ Զաքարը զինվորականի հետ խոսում էր մեջքը կնոջ կողմն արած, ապա թե ոչ էմման կարծում էր, որ եթե նա տեսներ իրեն մենակ կանգնած, իսկույն զինվորականին կթեքեր և կծանոթացներ իր հետ։ Այնինչ զինվորականը կանգնած էր դեմքը նրա կողմն արած և, չնայելով, որ խոսում էր Զաքարի հետ, բայց աչքերը շարունակ նրա կողմն ուներ։ Էմմային թվաց, թե զինվորականը ճանաչում է իրեն, որովհետև այդ օրը տեսավ իրեն Զազունյանի հետ զբոսնելիս։ Բայց նրա հայացքն այնպես սուր ու համառ էր, որ էմման ակամա շփոթվեց և աչքերը շրջեց ուրիշ կողմը. զինվորականը նրան շատ լիրբ և ավելի ատելի թվաց։ Էմման այժմ սկսեց դիտել առջևը զբոսնող հանդիսականներին և նրա աչքերն ընկան այն երկու կանանց վրա, որոնց հետ