Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են տվել և տեղափոխել այստեղ։ Ազգը Զագորսկի է։ Ահա նա օթյակում։

Զաքարն աչքերով ցույց տվեց օթյակը, ուր հենց նոր մտավ Զագորսկին երկու կանանց հետ։

— Անպիտանը շատ հունարով տղա էր,— շարունակեց Զաքարը։— Եվ տեսնո՞ւմ ես, այդքան երիտասարդ հասակում— նա հազիվ քառասուն տարեկան լինի— փոխգնդապետության աստիճան է ստացել։ Ասում էր, որ Պլևնայի ճակատամարտին մասնակցել է և բավական հաջող կերպով, ձեռքին էլ վերք է ստացել, ցույց տվեց։ Պատմում էր իր...

— Ո՞վքեր են մոտը նստած կանայք,— հարցրեց էմման։

— Չգիտեմ, միայն գիտեմ, որ նա ոչ կին ունի և ոչ՝ ազգական։ Է՜հ, զինվորական է, էլի՛։ Եթե ինձ հարցնես, զինվորականներին այդպես ավելի հարմար է։

— Որ չամուսնանան և մեկի տեղ երկու անբարոյական կանանց հե՞տ ման գան,— նկատեց էմման։

Զաքարը ծիծաղեց։

— Ինչո՞ւ անպատճառ անբարոյական,— ասաց նա։— Ինչպես տեսնում եմ...

Նա չվերջացրեց և գլուխն արագ բարձրացրեց․ նրա կողքին աթոռի մոտ կանգնած էր Զազունյանը։

— Պա՜հ,— կանչեց նա,— այս ո՞րտեղից... երկնքի՞ց իջար։

Էմման նույնպես արագ բարձրացրեց գլուխը և նայեց Զազունյանին։

— Ոչ, այս մի քանի աստիճանը իջա,— պատասխանեց ժպտալով Զազունյանը, ցույց տալով դահլիճի մուտքը։

Նա սեղմեց դեռ էմմայի, հետո Զաքարի ձեռքը։

— Այ քեզ սյուրպրիզ,— կանչեց ուրախացած Զաքարը․․․ Ախր ես քեզ համար տոմսակ էի վերցրել։ Այսօր երկու անգամ եկա հյուրանոց՝ սպասեցի քեզ, բայց դու չկայիր։

— Շնորհակալ եմ, որ ինձ չես մոռացել, բայց քեզանիզ առաջ ես արդեն ինձ համար տոմսակ էի վերցրել։

— Բայց ո՞րտեղ էիր, ինչո՞ւ այսքան ուշացար, տեղդ ո՞րտեղ է։ Եկ իմ տեղս նստիր, ես կկանգնեմ։ Հա՛, այս