— Կամ թե հեռագրիր, երբ գործը տանես. նկատի ունեցիր, որ մենք միշտ անհամբերությամբ կսպասենք։ Հաջողություն։ Բարի ճանապարհ։
Եվ նա պինդ համբուրեց Զազունյանի շրթունքը։
Այնինչ էմման բաժանվեց առանց մի խոսք անգամ արտասանելու։ Նա միայն սովորակաից ավելի ամուր սեղմեց Զազունյանի ձեռքը, հոնքերը փոքր֊ինչ ցած թողեց և քթի պնչերը լայնացրեց, այդ սովորությունն ուներ նա, երբ տխուր էր լինում և այդպիսի դեպքերում նրա դեմքը մի տեսակ ուրույն, զգաստ գեղեցկություն էր ստանում։ Զազունյանն երկրորդ անգամն էր տեսնում նրան այդպես— մեկ թատրոնում եղած գիշերը, մեկ էլ այժմ, և երկու անգամն էլ նա առանձին ուշադրություն էր դարձնում այդ բանի վրա։ Թեև նա չէր սիրում, որ այդ մանկահասակ, գեղեցիկ կնոջ ժպտուն դեմքն այդպես մռայլվում էր, բայց և այնպես այդ ուրույն, զգաստ գեղեցկությունը հենց առաջին հայացքից ուղղակի թափանցում էր նրա սրտի խորքը և այնտեղ ինչ֊որ նոր, անծանոթ լարեր էր շարժում։ Դեռ ոչ մի ժամանակ նա այնպես քնքուշ և ուշադիր չէր եղել դեպի էմման, ինչպես այդ բաժանման միջոցին։ Ամեն անգամ, քանի նայում էր այդ գեղեցիկ կնոջ տխուր, թախծալից դեմքին, հանկարծ ինչ-որ անհայտ զորություն կարծես բռնում էր նրան և ասում — կաց, մի հեռանար այստեղից...
Մորաքրոջ աղջկա և փեսայի հետ նա բաժանվեց ինչպես սերտ բարեկամներից։ Երևում էր, որ այդ մի քանի օրվա մեջ նա կատարելապես գրավել էր նրանց համակրությունը։ Նրանք խնդրեցին, որ նա, երբ Շ․․․-ից վերադառնա, ուղղակի իրենց տանն իջնի։
Զազունյանի մեկնելուց հետո էմմայի համար աշխարհը կարծես դատարկվեց։ Այն զգացմունքը, որ Զազունյանի հետ ծանոթանալու օրից աննկատելի կերպով սողոսկել էր նրա սիրտը և այնուհետև հետզհետե արմատներ էր արձակում, կարծես Զազունյանի մեկնելուն էր սպասում, որպեսզի հանկարծ զգալի անի նրան իր բոլոր ուժը։ Այն ամենը, ինչ որ առաջ սիրելի և հարազատ էին իր սրտին և առանց որոնց նա կարծում էր, թե իր կյանքը կյանք չի լինի,