Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմ նրա աչքում այլևս մի կոպեկի գին չունեին։ Ամեն ինչ հեռացավ, ամեն ինչ ծածկվեց թանձր քողով, և այդ բոլորի տեղը բռնեց մի բան, որը ամեն ժամանակ, թե երևակայության մեջ և թե երազում կանգնած էր նրա առջև և ավելի ու ավելի հափշտակում էր նրա սիրտն ու բոլոր մտածմունքները։ Դա Զազունյանի պատկերն էր։ Ոտից գլուխ, կարծես իրականապես, այդ պատկերն ամեն ժամանակ կանգնած էր նրա աչքերի առջև, ուրվականի նման ամենուրեք հետևում էր և երբեք հանգիստ չէր տալիս նրան։ «Ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ», շատ անգամ մրմնջում էր նա, երբ գիշերը քունը մոտ չէր գալիս աչքերին կամ ցերեկը, ոչինչ չկարողանալով անել, ապուշի նման մի սենյակից մյուս սենյակն էր թափառում։ Սաստիկ թախիծը պաշարել էր նրան։ Ոչինչ չէր գրավում նրան, ընդհակառակն, ամեն ինչ անտանելի էր թվում, ամենից ավելի ամուսինն իր անհամ կատակներով ու հիմարական ծիծաղներով, իսկ նրա գուրգուրանքն ու համբույրները խո մի-մի տանջանք էին, որ նա մի կերպ կարողանում էր տանել։ Շատ անգամ այնպիսի թշնամական աչքով էր նայում ամուսնուն, որ կարծես աշխարհիս բոլոր թշվառությանը թափել էր իր գլխին։ Մինչև անգամ Արամիկը, սիրուն, խելոք Արամիկը, որին նա միշտ երեխաների կատարելատիպն էր համարում, նա էլ երբեմն շատ չար և փչացած էր թվում նրան։

«Այս ի՜նչ եմ անում, այս ի՜նչ եմ անում», շատ անգամ սարսափած ասում էր ինքն իրեն, երբ իր դրության մասին սկսում էր լավ մտածել։ «Մի՞թե ես նրան... սիրում եմ. մի՞թե այս սեր է. մի՞թե ես սիրահարված եմ նրա վրա։ Ո՛չ, ո՛չ, այդ անկարելի է, այս սեր չէ, ես սիրահարված չեմ նրա վրա։ Մի՞թե սրտիս տերն ինքս չեմ։ Կամ ինչո՞ւ պետք է սիրեմ, ի՞նչ իրավունքով. ո՞վ է նա— մի օտար մարդ, որ ինձ հետ ոչ մի կապ չունի, որ այսօր այստեղ է, վաղն ով գիտե որտեղ կլինի, ինչպես այժմ արդեն հեռացել է այստեղից։ (Ինչո՞ւ է հեռացել,— տրտնջում էր նրա սիրտը)։ Իմ սերն ամուսինս է, իմ սերը միակ զավակս է— ահա ո՛ւմ եմ սիրում և ո՛ւմ պետք է սիրեմ, քանի կենդանի եմ․ օտարի հետ ի՞նչ գործ ունեմ։ Ոչ, այս սեր չէ,