Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս ուրիշ բան է. այս սատանա է, այս մի չար ոգի է, որ մտել է սիրտս և ինձ հանգիստ չի տալիս, ինձ այսպես տանջում է, չարչարում։ Ես կհալածեմ նրան սրտիցս, կհալածեմ․․․»։

Եվ նրա հալածելն այն էր լինում, որ դարձյալ սկսում էր մտածել Զազունյանի մասին, պատկերացնել նրան իր առջև, մտքումը խոսել, վիճել նրա հետ։ Ինքնախաբեությունն, իհարկե, չէր օգնում, և «սատանան», «չար ոգին» շարունակում էր հանգիստ չտալ նրան։ Իզուր էր նա աշխատում հալածել Զազունյանին— այդ «օտար մարդու» պատկերն իր մտքից և անձնատուր լինել ընթերցանությանը կամ տնային պարապմունքներին, ինչպես առաջ․ իզուր էր աշխատում մայրական առաջվա վառ խանդով սեղմել Արամիկին իր կրծքին, ամեն օր առաջվա սիրով պարապել նրա հետ, ամեն ինչ իզուր, «չար ոգին» ամեն բանից ետ էր մղում նրան և ավելի վառ կերպով ստեղծելով նրա առջև Զազունյանի պատկերն, ասում էր,— ահա թե ո՞ւմ մասին դու պետք է մտածես շարունակ։

«Տեր աստված, դու օգնիր ինձ», շատ անգամ մրմնջում էր նա անզորացած, բայց աստված չէր լսում նրան։

Նա հուսահատվել էր։

Նրան ծանոթ չէր սիրո զգացումը, որովհետև դեռ ոչ ոքի չէր սիրել և այդ պատճառով չէր հասկանում, գլխավորը՝ չէր ուզում հավատալ, թե այն զգացումը, որ նա «չար ոգի» էր անվանում, հենց ինքը սերն էր, որ բախտը, թեև ուշ, բայց նրան էլ էր վիճակել։ Լինելով միջակ կարողության տեր ծնողների զավակ, նա իր մանկությունն ու օրիորդական տարիներն անց էր կացրել բացառապես ընտանեկան շրջանում, թեև խորթ, բայց բարի և սիրող մոր հսկողության տակ։ Նրա ընկերը գիրքն էր, բայց ուներ և մի սրտակից բարեկամ,— դա դպրոցական ընկերուհիներից մեկն էր, որ հոգով չափ սիրում էր նրան։ Նա իրեն կատարելապես երջանիկ էր զգում, երբ ձեռքին նոր գիրք ուներ կարդալու կամ երբ ընկերուհու հետ գնում էր զբոսանքի, կամ փակվելով սենյակում, անվերջ զրույցներ էր անում նրա հետ։ Դրանից դուրս նա ուրիշ ոչինչ չէր կամենում։ Նա ծիծաղում էր նրանց վրա, որոնք կյանքի իմաստն