մասնավորապես։ Բայց ի՞նչպես էր եղել, որ այդ գիշեր նա եկել էր թատրոն և այն էլ հայ թատրոն, իհարկե, «բարեգործական նպատակը» չէր լինիլ դրա պատճառն, այլ նա եկել էր կամ մենակությունից ձանձրանալով, կամ ցույց տալու յուր խոշոր գեղեցկությունն, ինչպես այդ հատուկ է ընդհանրապես նրա նման կանանց։
Խաղամիջոցի ժամանակ պարոն Հարունյանը շաքարեղեն առաջարկեց իշխանուհուն ու կնոջը, իսկ ինքը դուրս գնաց ծխախոտ ծխելու։ Սրահում կանգնած՝ նա ծխախոտ էր ծխում և անուշադիր կերպով նայում էր առջևը զբոսնող ժողովրդին, երբ տեսավ յուր առաջ իշխանուհուն և կնոջը՝ միմյանց թևթևի տված։
— Ի՞նչ եք այդպես խոր մտածում, պարոն Հարունյան,— ասաց իշխանուհին ժպիտը դեմքին, նայելով նրա աչքերի մեջ։
Պարոն Հարունյանն ակամայից, բայց աննկատելի կերպով շփոթվեց նրա հանկարծակի հայտնվելուց և առավելապես նրա ժպտող գեղեցիկ աչքերից, որոնք կարծես ուզում էին թափանցել նրա ներսը և իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ այդ րոպեին։
— Ոչինչ,— պատասխանեց նա մեքենայաբար։
— Ես կարծում էի, թե խաղը ձեզ վրա ազդել է։
— Ոչ,— նույն կերպով պատասխանեց պարոն Հարունյանը։
Այդ պատասխանը բավական կոպիտ թվաց իշխանուհուն. եթե պարոն Հարունյանն ազնիվ և պատկառելի տեսք չունենար, նա կկարծեր, որ յուր առաջ կանգնած է մի անտաշ, անքաղաքավարի մարդ, որ չգիտե, թե նրա պես մի իշխանազն գեղեցիկ կնոջ հետ ինչպես պետք է խոսել։ Նա աչքերն յուր սովորության համեմատ կիսախփեց և խոր նայեց պարոն Հարունյանի դեմքին, կարծես ստուգելու համար, որ չլինի թե իսկապես նա անտաշ, անքաղաքավարի մարդ է, բայց, ըստ երևույթին, ոչինչ հետևանքի չհասնելով, նա նորից ժպտաց և ասաց.
— Կարելի է ասել, որ ես առաջին անգամն եմ տեսնում հայերեն ներկայացում, և պետք է ասած, որ ձեր այս դերասանները