Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղից գողացել էր և ապօրինի կերպով սեփականացրել իրեն։

Ամբողջ վեց տարի ամուսնական այդպիսի կյանք վարելուց հետո հանկարծ «չար ոգին» ներս է սողոսկում նրա անարատ սիրտը և ամեն ինչ տակնուվրա է անում։ Նրա կյանքի պարզ հորիզոնը կամաց֊կամաց սկսում է ծածկվել մռայլ ամպերով, նրա կյանքի խաղաղ հոսանքն սկսում է ալեկոծվել։ Ի՞նչպես կատարվեց այդ բոլորը, ի՞նչ հրաշքով, որի դեմը նա վաղօրոք չկարողացավ առնել։ Այս ի՞նչ տանջանքներ են, որ նա կրում է, այս ի՞նչ անքուն գիշերներ են, որ նա քաշում է, այս ի՞նչ ծանր, սպանիչ դառնություն է, որով ամբողջապես պատած է նրա սիրտը։ Ո՞ւր է նրա կյանքի այն շարունակ քաղցր թմրությունը, որի մեջ նա իրեն այնքան անհոգ և երջանիկ էր զգում, ո՞ր անգութը նրան հանկարծ սթափեցրեց այդ թմրությունից և ձգեց այդ անտանելի տանջանքների մեջ։

Օրերն անցնում էին սպանիչ դանդաղությամբ։ «Չար ոգին» շարունակում էր իր գործը։ Էմման քիչ էր ուտում, քիչ էր քնում, համարյա ոչ մի գործ չէր կատարում, ամեն բանից զզվում, ձանձրանում էր, ամեն մի չնչին բանի համար բարկանում էր աղախնի և ծառաների վրա, ամուսնու հետ միշտ քիթ ու մռութով էր խոսում, նրանից խորշում էր և միշտ մենակ էր ուզում մնալ։ Իհարկե, շարունակ այդպես չէր կարող տևել, մի հետևանք, վերջապես, պետք է ունենար այդ լարված դրությունը, և ունեցավ— երկու շաբաթից հետո նա անկողին ընկավ։

Զաքարի գլխին, կարծես, միանգամից կրակ էր թափվել։ Ուրախություն, ծիծաղ, կատակ, ամեն ինչ մոռացել էր։ Նա ման էր գալիս խենթի նման։ Գլուխ էր կոտրում, թե ինչ է պատահում կնոջը, ոչինչ չէր կարողանում իմանալ։ Հարցնում էր իրեն— կնոջը, թե ինչ ցավ, ինչ վիշտ, ինչ հոգս ունի նա, որ նրան այդ դրության մեջ է ձգել, բայց միշտ պատասխան էր ստանում՝ «ոչինչ» կամ «ինքս էլ չգիտեմ»։ Նա հուսահատվել էր, չգիտեր ինչ աներ։ Կնոջ անկողին ընկնելը նրա համար կատարյալ մահ էր, մահից էլ ավելի։ Նա դիմեց ընկեր բժիշկներին։ Բայց ի՞նչ պետք է անեին նրանք այնտեղ, որտեղ ինքնագլուխ իշխում էր «չար