ոգին»։ Էմմայի միակ խնդիրն այն էր, որ իրեն բժիշկ հարկավոր չէ, որ իրեն հանգիստ թողնեն։
Երեկո էր, Զաքարը տխուր ու տրտում մենակ նստած էր իր առանձնասենյակում և մտածում էր կնոջ դրության մասին։ Երևում էր, որ շատ էր տանջվում։ Որքան տանջում էր նրան էմմայի դրությունը, նույնքան, գուցե և ավելի, տանջում էր այն հանելուկը, թե ինչ էր նրա այդ դրության պատճառը։ Ենթադրությունները մեկը մյուսի ետևից ծնվում էին նրա գլխում, բայց ոչ մի բավարար հետևանքի չէին հասցնում. հանելուկը մնում էր հանելուկ։
«Ասում է մրսել եմ», մտածում էր նա. «ի՛նչ մրսել․ մրսածին ես եփած էլ կճանաչեմ, չե՞մ տեսնում, որ այստեղ ուրիշ բան կա... ահա երկու շաբաթ է, որ ոտի վրա հալվում է․ ինչո՞ւ— ահա հանելուկ․․․»։
Եղավ մի րոպե, որ այդ հանելուկի բացատրությունը գտնելու համար իր զանազան ենթադրությունների մեջ նրա միտքը կանգ առավ Զազունյանի և նրա մեկնելու վրա, բայց իսկույն էլ սարսափով ետ վանեց այդ ենթադրությունը, այնքան ահռելի և անհավատալի թվաց նրան այդ բանը։
Նա տարակուսանքով վեր քաշեց ուսերը, վեր կացավ և սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։
Այդ րոպեին դուռը արագ բացվեց, և շտապով ներս մտավ մանկահասակ մի կին։
— Պարո՛ն Զաքար... էմմաս հիվա՞նդ է,— անհանգստությամբ կանչեց նա։
Զաքարը կանգ առավ և զարմանքով նայեց նրա դեմքին։
— Տիկի՛ն Աննա,— բացականչեց նա ուրախացած։— Այդ ե՞րբ․․․ այդ ի՞նչպես... ի՛նչ լավ ժամանակին եկաք։
Նրանք ամուր սեղմեցին իրար ձեռքը։
Աննան էմմայի ընկերուհին էր։
— Էմմաս, իմ Էմման ո՞րտեղ է, պ. Զաքար,— նույն անհանգստությամբ ասաց նա։— Ծառային հարցնում եմ, ասում է՝ հիվանդ պառկած է։ Ինչո՞ւ է հիվանդ։ Գնանք, տարեք ինձ նրա մոտ. ո՞րտեղ է նա։