Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Փառք աստծո,— կարծես մի ծանր բեռից ազատվելով, կանչեց Զաքարը։— Ինչո՞ւ վաղ չէիք գալիս,— դիմեց նա Աննային,— որ այդպիսի հրաշք գործել գիտեք։

— Եթե գիտենայի, որ Էմմաս հիվանդ է, գլուխս կոտրելով կգայի,— պատասխանեց Աննան, սիրով և քնքշությամբ նայելով ընկերուհուն։

— Ե՞րբ ես եկել, գալուդ մասին ինչո՞ւ առաջուց իմացում չտվիր,— հարցրեց էմման։

— Ինքս էլ չգիտեի, թե այսպես շուտ եմ գալու։ Ամուսինս գնաց Վիեննա առևտրական գործերով, իսկ ես մտադրվեցի գալ Քութայիս մորաքրոջս մոտ՝ մի կամ երկու շաբաթ այնտեղ մնալու համար, իսկ այնտեղից ուղղակի պետք է գայի այստեղ մորս մոտ և պետք է մնայի այստեղ մինչև ամուսնուս վերադառնալը, այսինքն մինչև հունիս կամ հուլիս ամիսը։ Բաթումից գնացի Քութայիս, բայց մորաքրոջս այնտեղ չգտա, գյուղ էր գնացել։ Էլ չուզեցի սպասել. մի օր Քութայիսում մնալով, մյուս օրն, այսինքն երեկ, վեր կացա և, ահա այսօր այստեղ եմ։ Ուզում էի անմիջապես գալ քեզ մոտ. թանկագին բարեկամներ, ազգականներ, ծանոթներ— գիտես, էլի— այնքան հավաքվել էին, որ հիմա էլ հազիվ եմ պրծել նրանց ձեռքից։ Բայց որ գիտենաս որքա՜ն կարոտել էի քեզ, սիրելիս։ Երևակայի՛ր՝ նստում եմ կառք, գալիս եմ, ուրախությունից գլուխս կորցրած բարձրանում եմ վերև, ծառային հարցնում եմ տիկինը տա՞նն է,— հիվանդ է, ասում է, պառկած է։— Կարծեցի, թե տունը գլխիս փլվեց։ Ներս եմ ընկնում Զաքարի մոտ՝ Էմմաս, ասում եմ, իմ էմման ո՞ւր է, պարոն Զաքար, տարեք շուտ ինձ նրա մոտ,— և բռնում եմ ձեռքիցը, քարշ եմ տալիս։ Նա բերում է ինձ քեզ մոտ և ահա քեզ ինչ դրության մեջ եմ գտնում։

Նա ծիծաղեց, և նրա աչքերում երևացին արտասուքի փայլուն կաթիլներ։ Էմման ժպտաց, իսկ Զաքարը, որ շարունակ ժպտում էր, նայելով նրանց, նույնպես ծիծաղեց, ինչպես ծիծաղում են երեխաները։ Նա պարզ կերպով տեսնում էր, որ Էմման ընկերուհուն տեսնելու րոպեից ուժ և կենդանություն ստացավ, և առաջվա տխրությունն ու թախիծը համարյա բոլորովին հեռացավ նրա դեմքից։ Այդ