Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով նա անհուն շնորհակալություն էր զգում դեպի Աննան, որ իր այցելությունով ազատեց նրան հուսահատությունից և անտանելի մտատանջությունից։

— Դուք էլ աչքումս փոխվել եք, պ․ Զաքար,— ասաց Աննան, նայելով նրա դեմքին։

— Ճիշտ է,— պատասխանեց Զաքարը։— Դե ես ի՛նչ․ լավ ուտում էի, լավ խմում, ճաշից հետո լավ քնում,— նայելով կնոջը, ավելացրեց նա և ծիծաղեց (էմման նայելով իր ձեռքերին, հոնքերը ցած թողեց և քթի պնչերը լայնացրեց),— բայց դրա դրությունն այս կարճ ժամանակում ինծ սպանեց, էլ ոչ կենդանի էի, ոչ մեռած․․․

— Ախ, է՛մմա, է՛մմա,— հանդիմանորեն շարժեց գլուխը Աննան։— Եթե վաղն ևեթ չես վեր կենալ, չգիտեմ, ճշմարիտ, ինչ կանեմ։ Ուրախ-ուրախ գալիս էի, ասում էի վերջապես երկու տարվա կարոտս կառնեմ, կվերադարձնենք մեր օրիորդական քաղցր ժամանակները— հիշո՞ւմ ես ընթերցանությունը, զբոսանքը, խոսակցությունները, վիճաբանությունները— իսկ դու այստեղ ծանր ու բարակ պառկել ես անկողնում... անգութ չասեմ, ապա ի՞նչ ասեմ քեզ։ Բժիշկ գալի՞ս է... Ախ, ներողություն, պ․ Զաքար,— կանչեց նա ծիծաղելով,— բժիշկդ այստեղ կանգնած եք, ես ուրիշ բժիշկ եմ հարցնում։

— Չէ, ի՛նչ ներողություն,— ասաց Զաքարը,— ուրիշ բժիշկ է գալիս։ Ապա ի՞նչ իմ բանն է... տանու տերերին «օրհնյա ի տեր» կլինի՞։

Այդ խոսքերի հետ նա բարձրաձայն ծիծաղեց։

— Կասես, որ այսուհետև էլ չգա,— ասաց էմման առանց նրան նայելու։

— Ո՞վ, բժի՞շկը։

— Այո, ինձ այլևս բժիշկ հարկավոր չէ։

— Բայց դու դեռ թույլ ես, քեզ էլի...

— Ասում եմ, որ հարկավոր չէ,— պնդեց էմման։— Ես ինձ հիմա լավ եմ զգում։

— Ինչպես ուզում ես, ինչպես ուզում ես, միայն թե դու լավ լինես։ Կուզես, այս դեղերն էլ տանեմ դուրս շպրտեմ։

— Եվ լավ կանես։