Զաքարը մոտեցավ դռանը։
— Կա՛րապետ, Կա՛րապետ,— կանչեց նա դեպի դուրս։
Ծառան ներս մտավ։
— Այս բոլոր դեղերը հավաքիր և դուրս տար իսկույն..․ ուզում ես ինքդ խմիր, ուզում ես թափիր։ Շուտ։
Կարապետն ատամները ցույց տվեց և սկսեց հավաքել սեղանի վրայից դեղերի սրվակները։
— Արամիկն ո՞ւր է, Արամիկը,— հանկարծ մտաբերելով հարցրեց Աննան,— կանչեցեք տեսնեմ։ Ինչպես մոռացել էի։ Իմ սիրելի Արամիկը․․․
— Լսիր,— դարձավ Զաքարը ծառային, որ սրվակները դուրս էր տանում։— Մաշային կասես, որ Արամիկին իսկույն այստեղ բերի։
Ծառան դուրս գնաց։
— Արամիկն այնպիսի քաջ և խելոք տղա է դարձել, որ էլ ասել հարկավոր չէ,— դարձավ Զաքարն Աննային։
— Մի՞թե... այն նիհարիկն ու չարաճճի՞ն։
— Նիհարիկն ու չարաճճի՞ն։ Այժմ ինձնից էլ չաղ ու ինձնից էլ խելոք է։
— Մի՞թե։ Դու էլ խո այնքան գովում էիր նրան նամակներիդ մեջ, էմմա։ Նամակներդ կարդալիս շատ անգամ այնպես կարոտում էի նրան, այնպես կարոտում, որ որտեղ էլ պատահում էի նրա անունը նամակիդ մեջ, սկսում էի համբուրել, չե՞ս հավատում։ Դժբախտաբար նրա պատկերը կորցրել եմ, մի օր ամբողջ տունը տակնուվրա արի, չկարողացա գտնել։ Բայց այս անգամ ես ինքս պետք է հանել տամ նրա պատկերն ինձ հետ միասին, թո՞ւյլ կտաք։
— Ձեզ փեշքեշ,— ասաց Զաքարը ծիծաղելով։
— Ահա՛ նա, ահա՛ իմ սիրելիս,— բացականչեց Աննան և, վեր թռչելով տեղից, վազեց դեպի Արամիկը, որ աղախնի առջևից մտնելով անհամարձակ կերպով կանգնեց դռան մոտ։ Մի ակնթարթում նա առավ երեխային իր գրկի մեջ, բարձրացրեց և, համբուրելով նրա դեմքի յուրաքանչյուր պատահած տեղը, ձեռքի վրա տարավ, նստեց դարձյալ