Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեխան չհասկացավ կատակը, նա կիտեց հոնքերը և այտերը փքեց։

— Ճիշտ չէ,— կարծես վիրավորված ասաց նա։— Մամաս ոչ ոքի չի ծեծում.— գուցե բարկացել է ձեզ վրա, ինչպես անցյալ օրը...

Նա լռեց և այտերը բոլորովին փքեց։

— Ի՞նչ, ի՞նչ անցյալ օրը,— ծիծաղը զսպելով, հարցուփորձ արավ Աննան։

— Բարկացավ ինձ վրա,— կամաց ասաց Արամիկը և գլուխը կախեց։

— Բարկացա՞վ... ինչո՞ւ... երևի չարություն էիր արել։

— Ոչ, ես ոչ մի չարություն չէի արել, այլ ուրախ-ուրախ ներս վազեցի նրա մոտ... նա տխուր նստած էր... հանկարծ բարկացավ ինձ վրա... հրամայեց, որ իսկույն դուրս գնամ և... ետևիցս ինձ... չար... փչացած տղա անվանեց...

Նրա ձայնը դողաց և նա, հանկարծ դեմքն ամուր սեղմելով Աննայի կրծքին, սկսեց հեկեկալ։

Հայրը, մայրը և Աննան սկսեցին ծիծաղել։

— Իսկապես որ չար և փչացած տղա,— կանչեց Զաքարը։— Ինչպես միտն է պահել։ Մեծասիրտ, վիրավորանք չի ուզում տանել։

Ներողություն խնդրելով, նա դուրս գնաց հյուրին պատվելու պատրաստություններ տեսնելու։

Աննան հանգստացրեց Արամիկին, հաշտեցրեց մոր հետ, համբուրել տալով նրա ձեռքը, և մի քանի քաղցրեղեններ տվեց նրան, որ բերել էր իր հետ։ Մի ամբողջ քառորդ ժամի չափ նստած մնալով Աննայի ծնկան վրա, Արամիկը հոգնեց, նա ուզում էր դուրս գնալ և վազվզել։

— Ձեր հագուստը բոլորովին փչացրի, թողեք ինձ իջնեմ,— ասաց նա։

Աննան ծիծաղեց։

— Ա՛յ խորամանկ,— կանչեց նա,— ուզում ես փախչել և ա՞յդ ես հնարում։

Նա պինդ համբուրեց նրա երկու այտն էլ և ցած դրեց։