բավական լավ խաղում են.․․ ես գոնե այս հույսը չունեի հայ դերասաններից։
— Սրանք մշտական խմբի դերասանները չեն, իշխանուհի,— պատասխանեց պարոն Հարունյանը,— սրանք թատրոնասերներ են։
— Մի՞թե,— զարմացավ իշխանուհին։— Եթե թատրոնասերներն այդքան գեղեցիկ են խաղում, ուրեմն կարելի է երևակայել, թե մշտական խմբի դերասաններն ի՞նչպես կխաղան։
— Շատ անգամ դրանցից վատ, իշխանուհի, որովհետև այդ արվեստը թատրոնասերները հազարապատիկ ավելի լավ են հասկանում, քան մշտական խմբի շատ դերասանները, որոնք մեծ մասամբ զուրկ են բեմական արվեստի մի որևէ ընդունակությունից։
Խոսակցությունն անցավ օտարազգիների թատրոնական գործի մասին։ Իշխանուհին թվեց եվրոպական մի քանի հռչակավոր դերասանների և դերասանուհիների անուններ, որոնց խաղին անձամբ ներկա էր եղել Եվրոպայում ճանապարհորդելիս. նա խոսեց և դրա՛նց խաղի մասին գործին տեղյակ մարդու հանձնապաստանությամբ։ Խոսեց և՛ եվրոպական ուրիշ հետաքրքիր և նշանավոր հիմնարկությունների մասին։ Նա խոսում էր այնքա՜ն գեղեցիկ, պատմում էր այնքա՛ն կենդանի և ոգևորությամբ, որ տիկին Հարունյանը մինչև անգամ հայտնեց նրան յուր ցավակցությունը, որ ինքը դժբախտաբար կարող չէ տեսնել ոչ մեկն այն բոլորից, որոնց մասին նա խոսում և պատմում էր։
— Ինչո՞ւ,— զարմացած հարցրեց իշխանուհին։
— Որովհետև դրա համար հարկավոր է ճանապարհորդել։
— Դե՛հ, էլ ինչո՞ւ չես ճանապարհորդում, այդտեղ ի՞նչ դժվարին բան կա։
Պատասխանի փոխարեն տիկին Հարունյանը փոքր-ինչ կարմրեց և աչքի տակից նայեց ամուսնուն այնպիսի մի հայացքով, որ, կարծես, ասում լիներ. «Այդ նա գիտե, նրանից է կախված»։
Իշխանուհին հասկացավ այդ հայացքն և նայեց պարոն Հարունյանին։