Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
18

Հետևյալ օրն առավոտյան, երբ Աննան եկավ, Էմման դեռ քնած էր, իսկ Զաքարն իր առանձնասենյակում շտապով թեյ էր խմում, որ գնա իր պաշտոնին։ Աննան մտավ նրա մոտ և մանրամասն հարցուփորձ արեց էմմայի հիվանդության մասին։ Զաքարը պատմեց նրան, ինչ որ գիտեր և ինչի մասին որ գիշեր-ցերեկ մտատանջվում էր, բացի Զազունյանի վերաբերմամբ ունեցած կասկածից, որը շարունակում էր մտատանջել նրան, ինչքան էլ որ նա աշխատում էր վանել իր մտքից այդ ենթադրությունը։

Աննան մտածման մեջ ընկավ։ Թեյը խմելուց հետո Զաքարը գնաց, խնդրելով նրան, որ Էմմային մենակ չթողնի։

Աննան մտավ էմմայի ննջարանը։ Էմման դարձյալ քնած էր։ Հուշիկ քայլերով մոտեցավ նրա մահճակալին և նստեց աթոռի վրա։ Սենյակում տիրում էր կիսախավար, և օդը փոքր֊ինչ ծանր էր։ Նա վեր կացավ, լուսամուտներից մեկի վարագույրն ետ քաշեց, բաց արեց օդանցքը և դարձյալ գնաց նստեց իր տեղը։ Էմման պառկած էր կողքի վրա՝ դեմքը նրա կողմն արած։ Գիշերային սպիտակ գլխակապի տակից դուրս էին թափվել նրա փայլուն մազերը, որոնց մի փունջ ընկել էր նրա դեմքի վրա և թեթև դողդողում էին նրա հավասար շնչառությունից։ Երկար թերթերունքներն ստվեր էին ձգել նրա փակ աչքերի տակ, այտերի վրա խաղում էր թեթև շառագույնը, շրթունքները փոքր-ինչ բաց՝ կարծես ժպտում էին։ Քնած ժամանակ նա գեղեցիկ և անմեղ էր երևում, ինչպես լինում են երեխաները։ Աննան սիրով և քնքշությամբ նայում էր նրան, ինչպես նայում է մայրն իր քնած երեխային։ Զգում էր, որ անչափ սիրում է նրան, ինչպես իր հարազատ քրոջը, և նրա համար ամեն բան պատրաստ է անել։ Շարունակ նայում էր նրա դեմքին, մտառությամբ դիտում նրա յուրաքանչյուր դիմագիծը և տեսնում էր, որ նա մնացել էր համարյա նույնը, ինչ որ օրիորդական հասակում, ժամանակը, կարծես, խնայել էր այդ գեղեցիկ դեմքը, որը սեր, համեստություն և քնքշություն էր շնչում, միայն այժմ փոքր-ինչ նիհար և գունատ էր: