Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հաա՞... Այսպես շատ ես ոչ մի օր չեմ քնել:

— Այդ առողջանալուդ նշանն է։

— Այո, ես այսօր ինձ բավական լավ եմ զգում և դրա համար պարտական եմ քեզ։

— Օդանցքն ես եմ բաց արել, օդը ծանր էր. կուզե՞ս փակեմ,— հարցրեց Աննան։

— Չէ, մնա։

— Ոչ, փակեմ, փակեմ․ կմրսես, ցուրտ է։

Աննան վեր կացավ և փակեց օդանցքը։

— Ուրի՞շ... հա, երազդ մոռացար պատմել։

— Չէ, չեմ մոռացել, հիմա կպատմեմ։

— Այս շալն էլ որ ծածկես, Էմմա ջան, այն ժամանակ ավելի լավ կլինի։

— Արա, ինչ ուզում ես, ես քեզ անձնատուր եմ լինում,— ասաց ժպտալով Էմման։

Աննան շալը ձգեց նրա ուսերին և ծածկեց նրա մեջքն ու կուրծքը։

— Ահա այսպես։ Հիմա պատմիր՝ տեսնենք ի՞նչ երազ ես տեսել։

— Բայց այնպե՜ս սարսափելի երազ էր, Աննա,— մտահոգությամբ ասաց Էմման։

— Հաա՞... երևի շատ ես վախեցել։

— Շատ։

— Պատմի՛ր, պատմի՛ր։

— Իբրև թե անցնում եմ մի ընդարձակ դաշտով,— սկսեց Էմման։— Դաշտը կանաչ էր, ինչպես գարնանն է լինում։ Տեսնեմ հեռու մի ծեր, ալևոր մարդու շուրջը բազմաթիվ ջահել կանայք և աղջիկներ են հավաքված։ Ծեր մարդու ձեռքին բազմաթիվ վառ ճրագներ կան։ Շուրջը հավաքված կանանցից և աղջիկներից ոմանք հափշտակում են նրա ձեռքից մի-մի ճրագ, ոմանց ծերունին ինքն էր տալիս, և բոլորն էլ՝ ճրագները ձեռքներին սկսում էին փախչել, կարծես վախենում էին, որ ծերունին ետ կխլի ճրագներն իրենց ձեռքից։ Ճրագները վազելուց սաստիկ վառվում էին։ Փախչողներից ոմանք, առանց իրենց վնաս տալու ճրագի վառ բոցերից, ազատ վազում էին և ուրախ-ուրախ ծիծաղում, կրկչում, իսկ ոմանք այրում էին իրենց դեմքը, հագուստը,