Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեմն լաց էին լինում, երբեմն ծիծաղում, դարձյալ լաց լինում, դարձյալ ծիծաղում և առաջինների հետ հավասար վազում էին, իսկ երբեմն էլ վայր էին ընկնում, քիթ ու բերանը արնոտում, բայց ճրագները ձեռքներից բաց չէին թողնում... Մի ինչ֊որ անդիմադրելի զորություն ձգում էր ինձ դեպի ծերունին։ Ես վազեցի դեպի նա և հասա նրան այն ժամանակ, երբ արդեն ամենքը հեռացել էին նրանից և ճրագները ձեռքներին՝ վազում էին ընդարձակ դաշտի վրայով։ Ծերունու ձեռքին մնացել էր մի հատիկ ճրագ միայն։ Այդ ճրագը մերթ շատ պայծառ էր վառվում, մերթ շատ աղոտ։— Այդ ճրագն էլ ինձ տուր,— բացականչեցի ես, ձեռքս մեկնելով։ Ծերունին գլուխը բացասական կերպով շարժեց։ Նա մի զարհուրելի մարդ էր։ «Ուշ եկար, ասում է, քեզ չի հասնի։— Տո՛ւր, տո՛ւր,— աղաչում էի ես։ Ճրագն ինձ սաստիկ գրավում էր։ «Եթե տամ, ասում է, հագուստդ կայրես»։— Տո՛ւր, տո՛ւր,— թախանձում էի ես։ Նա մեկնեց ինձ ճրագը և նույն րոպեին դարձյալ ետ էր ուզում տանել, բայց ես հանկարծ հափշտակեցի նրա ձեռքից և ծիծաղելով մյուսների պես սկսեցի փախչել...

էմման հանկարծ ցնցվեց և լռեց։

— Հետո՞,— հարցրեց Աննան, որին ակամա հետաքրքրում էր նրա երազը։— Ես դեռ չեմ երևում այդտեղ։

— Սպասիր, կերևաս,— ասաց էմման։

— Հետո,— շարունակեց նա,— ճրագը ձեռքիս՝ փախչում էի․․․ չէ, չէի փախչում, թռչում էի, սլանում էի... ոտներս գետնի վրա չէին։ Ճրագը սաստիկ վառվում էր, նրա բոցը դիպչում էր դեմքիս և այրում։ Հանկարծ տեսնեմ, կպավ հագուստիս, հագուստս սկսեց այրվել։ Սարսափեցի։ Ուզում էի ճրագը վայր ձգեմ ձեռքիցս, չէր լինում. կպած էր ձեռքիս, պոկ չէր գալիս... այնինչ հակառակ իմ կամքին՝ ես շարունակում էի սլանալ... Հանկարծ տեսնեմ դիմացս անթիվ գամփռ շներ հաչոցով հալածում են երկու հոգու, մեկն իբրև թե Զաքարն է, իսկ մյուսն Արամիկս։ Զաքարը բռնած ունի Արամիկի ձեռքից։ Նրանք վազում են շների առաջից։ Արամիկը սաստիկ ճչում է, լաց է լինում․․․ Ճրագը ձեռքիս սլացա նրանց դեմ, նրանց շներից ազատելու մտքով։ «Ճրագը հանգցրու, գոռում է Զաքարը, շները կփախչեն»։