Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես փչում եմ ճրագին, փչում եմ, չի հանգչում... «Հանգցրու», աղաչում է Զաքարը։ «Հանգցրու, մամա», ճչում է Արամիկը։ Ես ավելի ուժով եմ փչում, դարձյալ չի հանգչում ճրագը։ Շները դժոխային հաչոց են բարձրացնում... Հանկարծ որտեղից— չգիտեմ— հայտնվում ես դու, մի անգամ փչում ես, և ճրագը հանգչում է։

Էմման լռեց։

— Հետո՞,— հարցրեց Աննան։

— Հետո, շուրջս սարսափելի խավար տիրեց...

— Եվ...

— Հանկարծ դեմքիս մի սաստիկ, խիստ սաստիկ, կարծես երկաթե ձեռքի ապտակ զգացի... Այնքան սաստիկ էր այդ ապտակը, որ ընկա և սկսեցի գլորվել մի մութ անհատակ անդունդ...

— Հա՜, հա՜, հա՜,— բարձրաձայն ծիծաղեց Աննան։— Երևի այդ ապտակն իմ համբույրն էր։

— Երևի։

— Հետո՞, հետո՞ ինչ։

— Հետո արթնացա։

— Ափսոս, երանի ապտակ չէի տվել, ով գիտե էլ ինչ հիմարություններ էիր տեսնելու։

— Չէ, Աննա, լավ եղավ, որ արթնացրիր... ինչպես զարհուրելի՜ էր,— ասաց էմման մտախոհ։

— Հիմա՞,— կարճ լռությունից հետո հարցրեց Աննան։

Էմման սթափվեց, նայեց նրան և տխուր կերպով ժպտաց։

— Մեկնիր երազս,— ասաց նա։

— Մեկնե՞մ.․․ շատ լավ։ Շները խո շներ են, Զաքարը— Զաքար, Արամիկն— Արամիկ, դու— դու, ես էլ— ես։ Ճրագը, որով այրում էիր դեմքդ և հագուստդ, հիվանդությունդ էր։ Փչելով և հանգցնելով ճրագը՝ նշանակում է առողջացրի քեզ և... հիմա պետք է վեր կենաս, սիրելիս, և անկողինդ թողնես։ Ահա մեկնությունս։ Հավանո՞ւմ ես։

Էմման դարձյալ ժպտաց։

— Հավանում եմ,— ասաց նա։— Եվ հիմա ուղիղ որ վեր կկենամ։ Դու մեկ նեղություն կրիր զանգը տուր։

— Ինչո՞ւ։