Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դարձյալ «լավ».․. Լավը ո՞րն է, է՜։ Բարեսի՞րտ, առո՞ղջ, կենսուրա՞խ։

— Չէ, չէ, լավը... լավն ուրիշ է... Այ, լա՜վն այն է, որ... երբ ես քեզ տեսնում եմ, և դու նստած ես մոտս, ինչպես հիմա, քեզ շատ եմ սիրում։

— Ինքդ էլ չես հասկանում, ինչ ես ասում,— ծիծաղում էր Աննան։

— Ի՞նչ անեմ, դու խո հասկանո՞ւմ ես։

— Լավ, հետո՞։

— Հետո այն, որ դու ասում ես, թե լավն ես նրա համար․․․

— Ես այդ չեմ ասում, ասում եմ․․․

— Ասում ես, ասում․․․ Դու ասում ես, թե լավն ես նրա համար, որ ինձ շատ ես սիրում։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, հապա ինչո՞ւ, ասում եմ, ես էլ քեզ պես լավը չեմ։

— Դու ի՞նչ գիտես, թե «լավը» չես։

— Հաա՞, ե՞ս էլ լավն եմ։

— Չգիտեմ «լավն» ես թե չէ,— ասում էր Աննան ժպտալով,— միայն երբ ես քեզ տեսնում եմ, և դու նստած ես մոտս, ինչպես հիմա, քեզ շատ եմ սիրում։

Էմման այդ խոսքերի վրա ծիծաղելով երեխայի նման ընկնում էր նրա վզովը և համբուրում էր նրան։

Այսպես անցավ մոտ մի ամիս։ Էմմայի սիրտը բոլորովին խաղաղեց։ Ժամանակավոր ալեկոծությունից հետո նրա կյանքը շարունակեց անցնել նույն կարգով, ինչպես առաջ. Զաքարը նրա աչքում նորից դարձավ նույն բարի, իրեն պաշտող ամուսինը, նույն զվարճախոսը և նույն «ծիծաղելին», ինչ որ առաջ. Արամիկը նույնպես այլևս այն «չար» և «փչացած» տղան չէր, ինչ որ իր «հիվանդության» ժամանակ, դա էլ նրա աչքում նորից երեխաների նույն կատարելատիպն էր, ինչպես առաջ։ Ծառաների վրա տեղի-անտեղի այլևս չէր բարկանում։ Կերակուրն ուտում էր նույն ախորժակով, ինչպես առաջ, քնում էր նույնպես հանգիստ, ինչպես առաջ— մի խոսքով, ամեն ինչ առաջվա ընթացքն ստացավ։ Ընդհակառակն՝ այժմ նրա կյանքն առաջվանից է՛լ ավելի լավ և աննկատելի սկսեց անցնել, որովհետև վաղեմի սիրելի ընկերուհին— իր «ազատիչ հրեշտակը» — մոտն էր։