Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ ձեր կնոջ հետ չեք ճանապարհորդում, պարոն Հարունյան,— հարցրեց նա։— Ճանապարհորդությունը խո սքանչելի բան է։

— Տակավին մի առանձին պահանջ ճանապարհորդության մենք չենք զգում, իշխանուհի,— պատասխանեց լրջորեն պարոն Հարունյանը։— Եվ, բացի դրանից, իմ կարծիքով, համեստ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. իսկ այդպիսի կյանքին մենք սովոր ենք և սիրում ենք։

Իշխանուհին այդ խոսքերի վրա ավելի խոր նայեց նրա բոլորովին լուրջ դեմքին, նրա հայացքը ցույց էր տալիս, որ մի այդպիսի օտարոտի դատողություն ճանապարհորդության վերաբերությամբ՝ նա բոլորովին չէր սպասում պարոն Հարունյանի կողմից։ Բայց նա ոչինչ չգտավ պատասխաննելու և մնաց լուռ։ Լուռ էին և Հարունյանները։ Սակայն այդ լռությունը միայն մի րոպե տևեց, և խոսակցությունը շարունակվեց այս անգամ ուրիշ բաների մասին։ Իշխանուհին յուր թե՛ գեղեցկությամբ, թե՛ խոսակցությամբ ու շարժումներով գրավել էր ընդհանուրի ուշադրությունը։ Պճնասեր, եսամոլ և հպարտ կանայք, ինչպես այդ լինում է միշտ, նախանձում էին նրա գեղեցկությանը, իսկ տղամարդիկ...

Պարոն Հարունյանն ընտելացավ իշխանուհու յուր վրա գցած առանձին հայացքներին, նա հասկացավ այդ հայացքներն, և այնուհետև ամեն անգամ, նրանց հանդիպելիս, նա ամեն կերպ աշխատում էր նրանց սառնասրտությամբ ու անտարբերությամբ տանել. բայց միևնույն ժամանակ նա մութ կերպով զգում էր, որ յուր մեջ ինչ֊որ կատարվում էր, ներքին կռվի նման մի բան, մի շատ աղոտ բան, այնպես որ, նույն րոպեին նա հազիվ կարողանար հաշիվ տալու իրեն, թե ինչ է իսկապես...

Ներկայացումը վերջացավ։ Բաժանվելիս՝ Հարունյաններն, առավելապես տիկինը, խնդրեցին իշխանուհի Մելիքյանից, որ գա հետևյալ օրն իրենց տունը, շնորհ անե, որի համար և նրան տվին իրենց հասցեն։ Իշխանուհին համաձայն եղավ։

— Առանց ձեր խնդրելու էլ ես նեղություն պիտի տամ ձեզ,— ասաց նա ծիծաղելով և սեղմելով նրանց ձեռքը։—