Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աննան դեռ կարճ ժամանակ մնաց նստած, հետո լուռ, ժպտալով վեր կացավ, մոտեցավ նրան և գրկեց նրա իրանը։

— Ինչ նեղսիրտ ես, Էմմա,— ասաց նա կամաց,— ես կատակ էի անում, իսկ դու... մեկ նայիր քթիդ, ինչքան է կախվել, իսկ հոնքերդ, իսկ շրթունքներդ...

Նա բարձրաձայն ծիծաղեց և ամուր համբուրեց նրա քունքը։

— Դեհ, հաշտվենք, հաշտվենք, սիրելիս,— ասաց նա։— Ներիր ինձ, էլ չեմ ասի... Դեհ, շուտ, թե չէ... լաց կլինեմ։

Էմման աչքի տակով նայեց նրան ու սկսեց անձայն ծիծաղել։

— Ա, հաշտվեցի՜նք, հաշտվեցի՜նք,— երեխայի նման բացականչեց Աննան և, թողնելով նրան, սկսեց ծափահարել։— Հաշտվեցի՜նք, հաշտվեցի՜նք,— կրկնեց նա, դարձյալ գրկեց նրան և համբուրեց։

Զաքարը, նստած իր տեղը, լուռ նայում էր նրանց և երջանիկ բարեսրտությամբ շարունակ ժպտում էր:

20

Անցավ դարձյալ երկու շաբաթ։ Օրը շաբաթ էր։ Էմման սպասում էր ամուսնուն ճաշի։ Այդ օրն Աննան ինչ֊որ պատճառով չէր եկել։ Էմման նստած էր մենակ և նույն օրվա լրագիրը ձեռքին՝ կարդում էր։ Վերջապես Զաքարն եկավ։ Նա այնպես ներս վազեց կնոջ մոտ, որ էմման մինչև անգամ վախեցավ։

— Հեռագի՜ր, էմմա, հեռագի՜ր,— բացականչեց նա, ձեռքին մի թուղթ շարժելով։— Զազունյանը գործը տարել է և գալիս է։ Վաղն առավոտյան այստեղ կլինի։ Ահա կարդա։

Նա ձեռքի թուղթը ձգեց կնոջ ծնկների վրա։

Հեռագրի անունը լսելով, Էմմայի սրտում հանկարծ ինչ-որ շարժվեց․ երկյուղ էր արդյոք այդ, թե ուրախություն, ինքն էլ չգիտեր, միայն զգաց, որ սիրտն սկսեց թրթռալ։ Նա մեքենայաբար վերցրեց ծնկներից հեռագիրը և լուռ կարդաց հետևյալը, որ միևնույն էր, թե չկարդար, որովհետև դրանից ոչինչ չհասկացավ սաստիկ շփոթված լինելու պատճառով․