Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վաղը, վաղն առավոտյան։ Այսօր ես հեռագիր ստացա նրանից, վաղն առավոտյան գնացքով այստեղ կլինի, այնտեղից նրան ուղղակի պետք է բերեմ մեր տուն թեյի։ Դուք էլ, իհարկե, այստեղ կլինեք և կծանոթանաք նրա հետ։

— Սքանչելի՜, սքանչելի՜,— կանչեց Աննան շինծու ուրախությամբ։— Բայց ի՞նչ ես կարծում, Էմմա,— դարձավ նա ընկերուհուն.— կհավանե՞մ ձեր․․․ ըը․․․ ի՞նչպես է նրա ազգը... Զազունյանին։ Կհավանե՞մ։

— Զարմանալի հարց ես տալիս, ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց էմման ծիծաղելով։

— Չէ, այնուամենայնիվ։

— Կարծում եմ, որ կհավանես։

— Հա֊ա՜... Ախ, ի՜նչ լավ կլինի։ Բայց գիտե՞ք ինչպիսի մարդ եմ երևակայում նրան։ Ես նրան երևակայում եմ հիսունյոթ տարեկան․․․

— Ո՜ւֆ,— կոմիկական սարսափով հառաչեց Զաքարը։— Ի՞նչ եք ասում. նա հազիվ քառասուն տարեկան լինի։

Էմման սկսեց ծիծաղել։

— Ի՞նչ անեմ, ուզում է քսան տարեկան լինի, բայց ես նրան հիսունևյոթ եմ երևակայում,— ասաց Աննան։

— Դեհ, որ այդպես է, ասեք վաթսուն տարեկան, էլի։

— Չէ, հիսունևյոթ։ Ես նրան երևակայում եմ հիսունևյոթ տարեկան, երկար, մինչև կուրծքը ալեխառն մորուքով, ծիծեռնակի թևերի նման բեղերով...

— Ո՜ւֆ, ո՜ւֆ,— շարունակեց հառաչել Զաքարը,— իսկ էմման ծիծաղեց։

— ...Հագուստը փոքր֊ինչ հնացած, ճխլտված և անճոռնի,— շարունակեց Աննան։— Աչքերը շարունակ ժպտում են, դեմքից միշտ մեղր է կաթում, ձայնը բարակ է։ Կանանց հետ ծանոթանալիս՝ մինչև գետին գլուխ է տալիս և ամենաընտիր կոմպլիմենտաններ ասում։ Բարևելիս ամուր և երկար սեղմում է ձեռքը։ Ամենքի հետ, առանց բացառության, սիրով է խոսում և ամեն մի դեպքից օգուտ է քաղում, որ ձեզ որևէ ծառայություն մատուցի։ Շատախոս է, փոքր֊ինչ— ներեցեք— թեթևամիտ, պարծենկոտ և, վերջապես, բռնոթի է քաշում։