— Ո՜ւֆ,— այս անգամ իսկապես սարսափած գոռաց Զաքարը և ծիծաղից թուլացավ։
— Ի՜նչ ես ասում, Աննա, ի՞նչ ես ասում,— միևնույն ժամանակ կանչեց Էմման և նույնպես ծիծաղից թուլացավ։
— Ի՞նչ է, ոչ մի նմանություն չկա՞ իմ և ձեր Զազունյանի միջև,— հարցրեց Աննան։
— Մի գիծ անգամ, մի գի՜ծ,— ասաց Զաքարը փոքր-ինչ հանգստանալով ծիծաղից։— Բռնոթի է քաշում,— մտաբերեց նա և դարձյալ ծիծաղից թուլացավ։
— Բռնոթի քաշելը ո՞րտեղից գտար,— ասաց Էմման, շարունակելով ծիծաղել։
— Դե ի՞նչ անեմ, որ իմ երևակայած Զազունյանը բռնոթի է քաշում,— պատասխանեց Աննան նույնպես ծիծաղելով։
Գիշերը Էմման չկարողացավ քնել։ Զազունյանի մոտալուտ գալուստը արդեն սկսել էր բորբոքել նրա սրտի մեջ դեպի նա ունեցած զգացմունքը, որը, ըստ երևույթին, բոլորովին սառել և հանգիստ էր տվել նրան։ Մտքերը նորից թռչում էին դեպի այդ «օտար մարդը», երևակայությունը նորից ստեղծում էր նրա պատկերը. ամեն ոք և ամեն ինչ նորից սկսում էր ծածկվել թանձր քողով, և նրա առջև սկսում էր փայլել միայն այդ պատկերը։ Իսկ այն գիտակցությունը, որ վաղն առավոտյան պետք է տեսնի Զազունյանին, խոսի նրա հետ, նրա սիրտը լցնում էր անհուն բերկրությամբ։ Վա՜ղը, վա՜ղը... Ինչո՞ւ գիշերն այդքան դանդաղ է անցնում... ե՞րբ պետք է լուսանա...
Վերջապես լուսացավ։ Զաքարը շտապեց դեպի երկաթուղու կայարան, իսկ Էմման մնաց տանը, հագնվեց և մինչև Զազունյանի գալը շուտ-շուտ մոտենում էր հայելուն, նա երկար ժամանակ կանգնած էր մնում հայելու առջև։ Այլևս այնպես անհամբեր չէր, ինչպես գիշերը, մինչև անգամ ուզում էր, որ Զազունյանը ուշ գա, որովհետև իրեն մի տեսակ հուզված և շփոթված էր զգում և ուզում էր ժամանակ վաստակել, որպեսզի փոքր-ինչ անցնի այդ արտասովոր հուզմունքն ու շփոթությունը, և ինքը կարողանա Զազունյանին հանգիստ ընդունել։ Նա այնքան էլ ուրախ չէր, ինչպես գիշերը, ինչ-որ թեթև տխրություն պաշարել էր նրան, և մի տեսակ անհասկանալի երկյուղ ճմլում էր նրա սիրտը։