Հյուրասենյակում Զազունյանը կանգնած էր լուսամուտի մոտ և հանում էր շագանակագույն ձեռնոցները։ Էմմային տեսնելուն պես՝ արագ մոտեցավ նրան։
— Բարև ձեզ, տիկին,— ասաց ժպտալով և ամուր սեղմեց նրա ձեռքը։
— Բարի լինի ձեր գալուստը,— պատասխանեց էմման։ Այժմ նա իրեն բոլորովին համարձակ էր զգում։— Շնորհավորում եմ, գործը տարել եք։
— Շատ շնորհակալ եմ։ Բայց այժմ ի՞նչպես եք զգում ձեզ, տիկին,— հարցրեց Զազունյանը, մի առանձին հայացքով նայելով նրան։— Զաքարն ասաց, որ դուք հիվանդ էիք։
— Այո, փոքր-ինչ մրսել էի... հիմար բան էր,— պատասխանեց Էմման։
— Ով գիտե, ինձ ճանապարհ դնելու գիշերը մրսեցիք, այն գիշեր բավական ցուրտ էր։ Ճշմարիտ, խիղճս ինձ տանջում է, տիկին, որ ես եմ եղել ձեր մրսելու պատճառը։
— Ախ, դուք մի այնպիսի մեծ նշանակություն եք տալիս այդ բանին,— ասաց Էմման փոքր֊ինչ կարմրելով։— Խնդրեմ նստեցեք։ Ես ձեզ երկար ժամանակ սպասում էի թեյի։
— Հա, գիտե՞ս ինչու այսքան ուշացանք, էմմա,— ասաց Զաքարը։— Ես խո ուզում էի Զազունյանին կայարանից ուղղակի այստեղ բերել, բայց որովհետև հետը ճամպրուկ-մամպրուկ ուներ, այդ պատճառով դեռ գնացինք հյուրանոց, մի սենյակ վարձեցինք, ճամպրուկ֊մամպրուկն այնտեղ թողինք և մինչև հագուստը փոխեց, մինչև այս, մինչև այն, մինչև հյուրանոցից դուրս եկանք, մինչև կառք նստեցինք, մինչև եկանք, մինչև կառքից իջանք, մինչև զանգը քաշեցինք, մինչև ծառան դուռը բաց արեց, մինչև բարձրացանք և մինչև ներս մտանք այստեղ, արդեն բավական ուշացանք։ Հիմա վազեմ ասեմ, որ մեզ թեյ հրամցնեն։
Եվ իսկապես դուրս վազեց։
Զազունյանը, հակառակ իր սովորության, համարյա շարունակ նայում էր Էմմային. նրա հայացքը և՛ տխուր էր, և՛ քնքուշ, և՛ հետաքնին, կարծես փայփայում էր և միևնույն ժամանակ ինչ֊որ բան էր որոնում Էմմայի դեմքի վրա, որ