և՛ հաջողվում էր, և՛ չէր հաջողվում գտնել։ Այնինչ այդ հայացքը շփոթեցնում էր Էմմային։ Նա չէր կարողանում համարձակ նայել Զազունյանին և շուտ-շուտ կարմրում էր։ Զազունյանը վերջապես դադարեց նրան նայել զննող հայացքով։
— Ուրեմն, փառք աստուծո, տիկին, այժմ լավ եք,— ասաց նա, կարծես, թեթևացած մի ծանր բեռից։
— Այո, այժմ ինձ կատարելապես առողջ եմ զգում,— պատասխանեց Էմման և, խոսքը փոխելով, հարցրեց, թե ի՞նչպես սկսվեց և ի՞նչպես անցավ նրա գործը, որովհետև չէր ուզում, որ իր հիվանդության մասին երկար խոսվի։
Զազունյանը համառոտակի պատմեց իր դատի ընթացքը։
Կարճ ժամանակից հետո եկավ և Աննան։ Էմման և Զաքարն անմիջապես ծանոթացրին նրան Զազունյանի հետ։ Սենյակը մտնելուն պես տեսնելով Զազունյանին, Աննան իսկույն հասկացավ, որ նա է։ «Ա՜, ահա թե ով է սրանց «զարմանալի ազնիվ» և «առաքինի մարդը», մտածեց նա, նայելով Զազունյանի փոքր֊ինչ այրված, լուրջ դեմքին և լայն, այրական թիկունքին։ Նրան տեսնելու հենց առաջին վայրկյանից նա հիասթափվեց իր երևակայած Զազունյանի վերաբերմամբ. ինչքա՜ն զանազանություն... Նա հիշեց Զաքարի «ուֆ» «ուֆը» և, նայելով նրան, ակամա ժպտաց։— Իսկապես որ— ո՜ւֆ, ո՜ւֆ, պ․ Զաքար,— կարծես ասում էր նրան։
Նա զննողաբար նայեց Էմմայի պայծառ և միևնույն ժամանակ շփոթված դեմքին։
— Ինչո՞ւ այսքան ուշացար, Աննա,— հարցրեց նրան Էմման։— Ես քեզ այսօր ավելի վաղ էի սպասում։
— Եկեղեցումն էի, սիրելիս,— պատասխանեց Աննան։— Մինչև պատարագը կվերջանար, բավական ժամանակ անցավ։ Էլ տուն չգնացի, եկեղեցուց ուղղակի այստեղ եկա։ Իսկ դու եկեղեցի գնո՞ւմ ես,— հարցրեց նա։
— Ինչպես չէ,— պատասխանեց էմման։— Ոչ մի կիրակի ես եկեղեցուց ետ չեմ ընկնում, միայն այսօր չկարողացա գնալ, որովհետև սպասում էի պ. Զազունյանին։
— Ցավում եմ, տիկին, որ իմ պատճառով իզուր ետ եք ընկել եկեղեցուց,— ասաց Զազունյանը։
Էմման թեթև կարմրեց։