Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Բացի ձեզանից ես այստեղ, կարելի է ասել, ուրիշ ոչ մի բարեկամ չունիմ և այդ պատճառով ձեզ հանգստություն չպիտի տամ իմ այցելություններով, ինչպես, իհարկե, և դուք ինձ։

— Մեր տան դռները ձեր առաջ միշտ բաց կլինեն, իշխանուհի,— ասաց պարոն Հարունյանը, որին իշխանուհու խոսքերն և՛ ուրախություն պատճառեցին, և՛ մի տեսակ բան, որ ավելի մի անորոշ, մութ երկյուղի էր նման։

Իշխանուհին նրանց բարի գիշեր մաղթեց և նստեց յուր սեփական գեղեցիկ կառքը, որ սպասում էր նրան թատրոնի դռների մոտ։ Ծեր կառապանն իսկույն մտրակեց ճարտուկ, անհանգիստ նժույգներին, և կառքը փափուկ, թեթև կերպով առաջ սլացավ։

Հարունյանները նույնպես մի կառք նստեցին և գնացին իրենց տուն։

Դ
ՄԻ ՈԻՐԻՇ ՀՅՈԻՐ

Հետևյալ օրը շաբաթ էր և տոն։ Հարունյաններն սպասում էին իրենց թանկագին հյուրին, բայց նա ուշանում էր։ Տիկին Հարունյանն այդ օրը շատ ուրախ էր. նա անդադար դուրս ու տուն էր անում, համբերությունից դուրս էր գալիս, թե ինչո՛ւ յուր սիրելի ընկերուհին այնպես ուշանում է։ Ըստ երևույթին, պակաս ուրախ տրամադրության մեջ չէր և պարոն Հարունյանը։ Ամեն օր միշտ լուրջ և զգաստ լինելով, այդ օրը նրա դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, որ նրա ազնիվ դեմքին մի տեսակ փայլ և պայծառություն էր տալիս։ Չնայելով, որ նա առաջ էլ խաղում էր յուր սիրելի փոքրիկ Հայկանուշի հետ, բայց այդ օրը կրկնապատկել էր յուր խանղը դեպի նա։ Նա մինչև անգամ իրեն գազան կամ մի ուրիշ բան էր ձևացնում, որի վրա երեխան շատ ուրախանում էր ու կրկչում։ Պարոն Հարունյանն ինքն էլ չէր հասկանում, թե ինչու այդ օրն յուր սովորական դրությունից դուրս էր եկել. այս միայն նա գիտեր, որ մեկին սպասում