Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժշկի նման։ Ինչպես որ ծանր հիվանդն ունենում է ճգնաժամ— կրիզիս, որ վերջնականապես որոշում է նրա դրությունը, այսինքն՝ որ նա կամ պետք է մեռնի, կամ պետք է առողջանա, նույնպես և մարդկությունը.— մարդկության ներկա ծանր դրությունը նրա ապագայի ճգնաժամն է. այդ ճգնաժամը վերջնականապես կվճռվի, թե արդյոք մարդկությունը պե՞տք է մեռնի— այսինքն՝ բարոյապես բոլորովին ընկնի՞, թե պետք է առողջանա— այսինքն բարոյապես վերածնվի։

— Ուրեմն միևնույն է, ես չեմ կարող նայել և իբրև փորձառու բժիշկ,— ասաց Աննան,— քանի որ փորձառու բժիշկն էլ չգիտե, թե ինչո՞վ իսկապես կվերջանա հիվանդության ճգնաժամը— մահո՞վ, թե առողջությամբ։ Եվ ի՞նչ օգուտ դրանից։

— Ինչո՞ւ չէ,— պատասխանեց Զազունյանը։— Փորձառու բժիշկը, եթե նա լավ հասկացող է, հետևելով հիվանդության ճգնաժամին, այնուամենայնիվ, դարձյալ մի հետևանքի վրա ավելի կարող է պնդել, քան թե մյուս հետևանքի վրա. իսկ այդ մեծ բան է, այստեղ դարձյալ հույս կա։

— Բայց դուք ո՞ր կողմն ավելի եք հակված մարդկության վերաբերմամբ,— հարցրեց Աննան դարձյալ աննկատելի հեգնությամբ,— դեպի բարոյականության կատարյալ անկո՞ւմն, թե՞ դեպի բարոյական վերածնություն։

— Դեպի բարոյականության վերածնություն։

— Ուրեմն մարդկության ներկա դրության ճգնաժամին հետևելով դուք ա՞յդ եզրակացության եք եկել, ա՞յդ հետևանքի վրա ավելի եք պնդում։

— Այո։

— Արդյոք կարո՞ղ եմ հարցնել, ինչ հիմունքով։

— Այն հիմունքով, որ յուրաքանչյուր մարդ խիղճ ունի։

— Ի՞նչ բան է «խիղճը», ես չեմ հասկանում,— ասաց Աննան, որ ի ներքուստ սկսել էր գրգռվել, ինքն էլ չիմանալով, թե ինչու։

— Խիղճը գիտակցությունն է,— պատասխանեց Զազունյանը։

— Յուրաքանչյուր մարդ առանց բացառության գիտակցություն ունի։