Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ունի, բայց մեկինն ավելի զարգացած է, մյուսինն` ավելի թույլ.— այդ դաստիարակությունից և մտավոր զարգացումից է կախված. լավ դաստիարակություն ստացած և կրթված մարդու գիտակցությունը զարգացած է, իսկ անխնամ թողածինը— թույլ։ Բայց բանն այդ չէ. բանն այն է, որ երկուսն էլ ունեն գիտակցություն, ուրեմն և— խիղճ։ Հայտնի է, որ արյունարբու ավազակ֊մարդասպաններն անգամ հասկանում և զգում են իրենց արարքի վատությունը։

— Ինձ հայտնի չէ, և ես ոչ ոքի չեմ հավատա, մինչև որ ինձ ինքն արյունարբու ավազակ֊մարդասպանն այդ բանում անձամբ չխոստովանի,— պատասխանեց Աննան։

Նա այլևս չէր կարողանում իրեն զսպել, գրգիռն ակամա երևան էր գալիս։

«Խոսում է այնպես, կարծես իրենից ավելի խելոք մարդ չկա աշխարհիս երեսին,— մտածում էր նա,— այստեղ գառներ է գտել, ուզում է խաբել, իրեն անսխալական ցույց տալ... ուրույն մտքեր է հայտնում իբր թե...»։

Զաքարը, որ հայտնի չէր, թե ինչ հրաշքով այդքան ժամանակ լուռ էր, հանկարծ, ինչպես ասում են, կոտրած գդալի պես մեջ ընկավ, բայց Էմման տեսնելով, որ խոսակցությունն Աննայի պատճառով քանի գնում, այնքան սուր ընթացք է ստանում, անսպասելի հմտությամբ վերջ տվեց նրանց վիճաբանությանը:

22

Զազունյանի և Մարկոսյանների միջև բարեկամությանն իսկապես այժմ սկսվեց։ Այս անգամ Զազունյանն առանց այլևայլության արդեն ինքն էր հաճախում նրանց տուն, և շաբաթվա մեծ մասը նրանց միմյանց մոտ կարելի էր տեսնել։ Իհարկե, նրանց ընկերության մեջ պակաս դեր չէր կատարում և Աննան։ Չնայելով, որ ինչ֊ինչ անհասկանալի պատճառներով նա հենց սկզբից չսիրեց Զազունյանին, բայց և այնպես այդ մարդու ներկայությունը նրա համար բոլորովին անախորժ չէր. մինչև անգամ, երբ պատահում էր, որ Զազունյանը բացակա էր լինում Մարկոսյանների տնից, նա կարծում էր, թե մի բան պակաս է, և այդ պակասն իսկույն