լրանում էր, երբ Զազունյանը գալիս էր։ Զազունյանի հետ խոսում էր միշտ հեգնող եղանակով, ինչպես առաջին օրը․ ամեն բանում աշխատում էր հակառակել նրան, և այդ պատճառով օր չէր պատահի, որ նրանք որևէ բանի մասին չվիճաբանեին միմյանց հետ։ Զազունյանը նույնպես հենց առաջին օրից չսիրեց նրան և, չնայելով, որ այդ կնոջ ներկայությունն— ընդհակառակն— անախորժ էր նրա համար, այնուամենայնիվ, նա դեպի Աննան նույնքան քաղաքավարի և հարգանքով էր վերաբերվում, որքան և դեպի Էմման։ Սակայն, ինչ էլ որ լիներ, այնուամենայնիվ, ժամանակը բոլորի համար էլ անցնում էր ուրախ և աննկատելի կերպով։
Այնինչ Էմման օր֊օրի վրա սարսափով տեսնում և զգում էր, որ ինքն իսկապես սիրահարված է Զազունյանի վրա, ապա թե ոչ՝ ի՞նչ էր նշանակում այն անհուն ուրախությունը, որ Զազունյանն իր ամեն գալովը բերում էր նրա համար, ի՞նչ էր նշանակում սրտի այն երջանիկ թրթիռը, որով ամեն անգամ նա հանդիպում էր Զազունյանին. ի՞նչ էր նշանակում այն առանձին ախորժելի զգացումը, որով նայում էր նա Զազունյանին, լսում էր նրան, ի՞նչ էր նշանակում այն անտանելի սպանիչ զգացումը, որ պաշարում էր նրան, երբ մի օր չէր տեսնում Զազունյանին, ի՞նչ էր նշանակում... մի խոսքով՝ ի՞նչ էր նշանակում այն մշտական տենդային դրությունը, որի մեջ նա զգում էր իրեն։ Միառժամանակ քնած զգացմունքը նորից զարթել էր նրա կրծքի մեջ և այս անգամ արդեն այնպիսի ուժով էր սկսել գործել, որ թվում էր, թե այլևս ոչ մի Աննա չէր կարող այդ զգացմունքը նորից քնեցնել, հանգստացնել։ Այդ արդեն առաջվա զգացմունքը չէր․ առաջվա զգացմունքը մի թեթև քամի էր, որ հազիվ շարժում էր ծառերի կատարները, բայց Զազունյանի զգացմունքը մի ահեղ փոթորիկ էր, որ, հետզհետե սաստկանալով, սպառնում է ահագին կաղնիներ հիմն ի վեր տապալել անարգել առաջ սլանալու համար։ Սկզբում Էմման այդ զգացմունքին անձնատուր եղավ կուրորեն, առանց մտածելու, և այդ ժամանակ նա իրեն կատարելապես երջանիկ էր զգում, բայց մի անգամ, երբ ամուսինը նրան գուրգուրում էր, հանկարծ, մի ակնթարթում սոսկալի թույն ընկավ նրա սրտի մեջ, և այդ օրից արդեն սկսվեց նրա համար անասելի հոգեկան տանջանքների